The Wall Street Journal (WSJ) թերթը հրապարակում է կատարել այն մասին, թե Իլոն Մասկը դադարեցրել է իր սեփական քաղաքական կուսակցության ստեղծումը, որին ի պատասխան Իլոն Մասկը հայտարարել է, որ այս պարբերականին չի կարելի վստահել։
«WSJ-ի հաղորդած ոչ մի բան չի կարելի ճշմարիտ համարել», - գրել է Մասկը X-ում՝ համապատասխան հրապարակման տակ:
Ավելի վաղ WSJ-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Մասկը դադարեցրել է նոր քաղաքական կուսակցության ստեղծումը՝ բիզնեսի վրա կենտրոնանալու և ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից ձայներ չխլելու համար։ Պարբերականը նշել է, որ Մասկը կարող է օգտագործել իր ֆինանսական միջոցները և աջակցել ԱՄՆ գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, եթե վերջինս որոշի 2028 թվականին առաջադրվել նախագահի պաշտոնում։
Մասկի՝ պետական ծառայությունից հեռանալուց հետո նա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 5-ին սոցիալական ցանցերում աղմկահարույց հրապարակային վեճ են սկսել։ Մասկը հայտարարել է, որ առանց իր աջակցության ԱՄՆ նախագահը չէր հաղթի 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում։ Նա հավանություն է տվել Թրամփի իմփիչմենթի նոր փորձի գաղափարին, քննադատել է Սպիտակ տան նախաձեռնությամբ մշակված պետական ծախսերի մասին օրինագիծը և նախագահի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերը։ Թրամփը Մասկին խելագար է անվանել և հայտարարել, որ նա ինչ-որ պահի դադարել է բարեխղճորեն կատարել իր պարտականությունները, երբ վերահսկել է դաշնային կառավարության արդյունավետությունը բարձրացնելու գերատեսչության (DOGE) աշխատանքը։
Հուլիսի 5-ին Մասկը հայտարարել է, որ պատրաստվում է ստեղծել «Ամերիկա» կուսակցությունը (America Party, AME)։