Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը կասկած են հայտնել Եվրամիությունում Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները բռնագրավելու գաղափարի վերաբերյալ: Նրանք այս մասին հայտարարել են Բեռլինում կայացած հանդիպումից հետո, հաղորդում է Bild-ը:


Դե Վևերի խոսքով՝ ակտիվների ուղղակի բռնագրավումը կապված է լուրջ իրավական դժվարությունների հետ: Մերցը հավելել է, որ նման քայլը կարող է բացասաբար անդրադառնալ եվրոպական ֆինանսական շուկայի վրա, քանի որ այլ երկրներ կարող են սկսել դուրս բերել իրենց պահուստները:


ԵՄ-ում սառեցված է Ռուսաստանի Կենտրոնական բանկին պատկանող մոտ 210 միլիարդ եվրո: Ներկայումս օգտագործվում է միայն այդ միջոցներից ստացված եկամուտը՝ այն ուղղվում է Ուկրաինայի համար զենքի և զինամթերքի գնմանը:


Դե Վևերը ընդգծել է, որ ներկայիս սխեման արդյունավետ է և համեմատել այն «ոսկե ձվեր ածող սագի» հետ: Նրա խոսքով՝ ակտիվների հարցը կարող է քննարկվել միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի շրջանակներում: