Բելգիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստինի պետականությունը, երեքշաբթի օրը հայտարարել է արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոստը։ Դա ավելի կմեծացնի Իսրայելի վրա միջազգային ճնշումը՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ֆրանսիայի նմանատիպ քայլերից հետո։
Բելգիան կմիանա Նյու Յորքի հռչակագիրը ստորագրած կողմերին, ինչը ճանապարհ կհարթի երկու պետությունների գոյակցության կամ Իսրայելի կողքին խաղաղ գոյակցող Պաղեստինի պետություն ստեղծելու վերաբերյալ որոշման համար, X սոցիալական ցանցում հայտարարել է Պրևոն։
Պրևոն ավելացրել է, որ այս որոշումը կայացվել է «հաշվի առնելով Պաղեստինում, հատկապես Գազայում տեղի ունեցող մարդասիրական ողբերգությունը և դա պատասխան է միջազգային իրավունքը խախտող Իսրայելի կողմից իրականացվող բռնությանը»։ Բելգիան մտադիր է ճանաչել Պաղեստինի պետությունը Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի գլխավորած համատեղ դիվանագիտական նախաձեռնության շրջանակում, ասել է Պրևոն։
Պրևոն նաև հայտարարել է, որ Բելգիան Իսրայելի դեմ կսահմանի 12 «խիստ» պատժամիջոցներ, ինչպիսիք են՝ բնակավայրերից արտադրանքի ներմուծման արգելքը, իսրայելական ընկերություններից պետական գնումների քաղաքականության վերանայումը և ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Բելգիայում պերսոնա նոն գրատա հայտարարելը։
Այս քայլը դիտարկվում է որպես քաղաքական ազդակ, որն ուղղված է նաև Իսրայելի կողմից բնակավայրերի ընդլայնման և տարածքներում ռազմական ներկայության դատապարտմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Պաղեստինի պետականությանը աջակցելու Կանադայի որոշումը, իսկ Ռուբիոն Ֆրանսիայի որոշումը անվանել է անխոհեմ։
Շաբաթ օրը Կոպենհագենում կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության արտգործնախարարների կարծիքները կտրուկ բաժանվել են՝ Գազայի պատերազմի հարցում։ Ոմանք կոչ էին անում դաշինքին զգալի տնտեսական ճնշում գործադրել Իսրայելի վրա, իսկ մյուսները վճռականորեն դեմ էին նման միջոցներին։
Պաղեստինցիները վաղուց ձգտում են Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափին և Գազայի հատվածում պետություն ստեղծել՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։
Միացյալ Նահանգները պնդում է, որ նման պետություն կարող է ստեղծվել միայն իսրայելցիների և պաղեստինցիների միջև ուղղակի բանակցությունների միջոցով։
Համաձայն Պրևոյի հայտարարության՝ Եվրոպական միության անդամ Բելգիան որոշել է ուժեղացնել ճնշումն Իսրայելի կառավարության և ՀԱՄԱՍ-ի վրա։ Պրևոն նաև ընդգծել է Պաղեստինի վերականգնմանն ուղղված Բելգիայի հանձնառությունը՝ հավելելով, որ երկիրը հանդես կգա «ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված եվրոպական միջոցառումների օգտին և կաջակցի հակասեմականության դեմ պայքարի նոր բելգիական նախաձեռնություններին»։ Միացյալ Նահանգները ուրբաթ օրը հայտարարել է, որ կարգելի Պաղեստինի Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասին սեպտեմբերին ժամանել Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, որտեղ, ինչպես սպասվում է, ԱՄՆ-ի մի քանի դաշնակիցներ պաշտոնապես կճանաչեն Պաղեստինը որպես պետություն։