Հովիկ Աբրահամյանի հայտարարության գունային հատվածը, թե Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ պատվիրակության կազմում մնալու հարցը քննարկվել է խմբակցությունների հետ, կարող է տարընթերցումների տեղիք տալ, որովհետև նա առնվազն պետք ասեր, թե ով ինչ տեսակետ է հայտնել՝ գոնե իմ տեսակետը՝ որպես խմբակցության ղեկավարի։
Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը։
«Նախ ես ասել եմ, որ դեմ եմ որևէ հայտարարության, երկրորդ՝ թե ով պիտի ընդգրկվի ԵԽԽՎ պատվիրակության կազմում, խմբակցություններին տրված է Դոնթի բանաձևով, խմբակցություններն իրենք են որոշում, թե ում առաջադրել, բայց մյուս կողմից ԱԺ կանոնակարգի 18-րդ հոդվածի համաձայն՝ ի վերջո, բոլոր պատվիրակությունների կազմը հաստատում է Հովիկ Աբրահամյանը, դա նրա լիազորությունների շրջանակում է»,- նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը։
Անդրադառնալով Զ․Փոստանջյանի հարցին՝ Ռ․Հակոբյանն ասաց, որ յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում, թե իր պատգամավորական լիազորությունները, որ ամբիոնում ինչպես իրացնի։ Նա նշեց, որ սպասում է Զ․Փոստանջյանի վերադարձին, որովհետև, ըստ նրա, իր համար անհասկանալի պահեր կան, և նա իր գնահատականը կտա գործընկերոջ հետ խոսելուց հետո միայն։ Ռ․Հակոբյանի դիտարկմամբ՝ Զ․Փոստանջյանի հարցի հիմնական մասում քաղաքական տարր չի եղել, և իր համար անհասկանալի է լրատվամիջոցներում առկա պսևդո գավառական հայրենասիրության բարոյախրատական շքերթը։
«Երբ Հովիկ Աբրահամյանի մոտ խոսվեց խայտառակության մասին, ես ասացի, որ հանրապետությունում է խայտառակություն կատարվում՝ հանրապետության մեկ երրորդն արտագաղթել է, և այդ արտագաղթը չոքել է գրեթե բոլոր ընտանիքների առջև, խայտառակություն է, որ բյուջեի կեսից ավելին ստվերում է, կոռուպցիան խեղդամահ է արել պետությունը, իշխանության մի հատված սեփականաշնորհել է երկիրը»,- ընդգծեց Աժ պատգամավորը։
Նա հայտարարեց, որ ինքը նման հարց չէր տա, բայց ոչ թե այն պատճառով, որ «սպիտակեղենը» դուրս չհանելու, այլ այն պատճառով, որ Եվրոպան ցույց է տվել, որ մեր թերությունները, սխալներն օգատոգրծել է՝ մեր պետության վրա ճնշում գործադրելու համար։ «Այո, մենք ունենք կեղտոտ սպիտակեղեն, բայց այդ սպիտակեղենը մենք պետք է լվացնենք, և դրա համար պիտի լինի հավաքական գիտակցություն»,- ասաց Ռ․Հակոբյանը։ Ի դեպ, նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Զ․Փոստանջյանի հարցի վերաբերյալ զրույց չի ունեցել։