Միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատականով, Հայաստանն այլեւս աղքատ երկրների խումբ չէ, և փոխադրվել է միջին եկամուտ ունեցող երկրների խումբ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Նրա խոսքով, դա նշանակում է, որ Հայաստանն այլեւս արտոնյալ պայմաններով վարկեր չի ստանալու՝ ոչ Արժույթի միջազգային հիմնադրամից, ոչ՝ Համաշխարհային բանկից, ոչ՝ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունից:
Ֆինանսների նախարարը հավաստիացրեց, որ այսուհետ Հայաստանը արտոնյալ վարկեր չի ստանալու, պետք է ինքնուրույն ֆինանսավորում հայթայթի: Սրանով էլ բացատրվում է եվրաբոնդերի թողարկումը, որն իրականացվեց սեպտեմբերի 18-ին՝ 700 մլն դոլարի չափով:
Եվրաբոնդերի թողարկումը, նախարարի խոսքերով, թույլ է տալիս դիվերսիֆիկացնել երկրի արտաքին պարտքի ֆինանսավորումը:
Դ. Սարգսյանը նշեց նաեւ, որ վերջին 30 տարում միջազգային շուկայում այսպիսի ցածր տոկոսարույքներ չեն եղել:
Լուսանկարը՝ panorama.am