Այս պահին շուրջ հարյուր ոստիկաններ օպերատիվ միջոցառումներ են իրականացնում Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության դեպքի վայրում։
Նրանց հետ կան նաև շներ։
Ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։
Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է, սակայն նրա ինքնության մասին առայժմ տեղեկություններ հայտնի չեն։
Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ: