Պենտագոնը, որը մտահոգված է Չինաստանի հետ հնարավոր ապագա հակամարտության նախաշեմին իր զենքի ցածր պաշարների վերաբերյալ՝ պլանավորում է զգալիորեն մեծացնել իր հրթիռային զինանոցը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի տվյալների, «ամենամեծ պահանջարկ ունեցող կրիտիկական կարևորության զենքերի արտադրության արագացման» ձգտումը արտահայտվել է Պենտագոնի ղեկավարության և ամերիկյան մի քանի հրթիռ արտադրողների բարձրաստիճան ներկայացուցիչների միջև կայացած մի շարք հանդիպումների ժամանակ։ Ինչպես վկայում են աղբյուրները, խոսքը 12 տեսակի զենքերի մասին է, որոնք ԱՄՆ-ը ցանկանում է ունենալ Չինաստանի հետ պոտենցիալ հակամարտության դեպքում։ Դրանց թվում են՝ Patriot զենիթահրթիռային համալիրները, մեծ հեռահարության հակաերկրային հրթիռները, SM-6 զենիթային հրթիռները, Precision Strike և AGM-158 JASSM հրթիռները։
Ինչպես հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Պարնելը, ԱՄՆ ղեկավարությունը դիտարկում է «ամերիկյան ռազմական հզորության ընդլայնման և մարտական տեխնիկայի արտադրության արագացման անսովոր ուղիներ»։ Սակայն, ըստ հրապարակման, մի շարք անձինք, ինչպես վարչակազմում, այնպես էլ պաշտպանական ոլորտում, մտահոգված են կառավարության կողմից դրված նպատակների իրատեսական չլինելով։ Միայն առանձին հրթիռների հավաքումը կարող է երկու տարի տևել։
Ծագում են նաև ֆինանսավորմանը վերաբերող հարցեր։ Ամերիկյան վարչակազմի կողմից հուլիսին հավանության արժանացած օրինագիծը նախատեսում է առաջիկա հնգամյակում զենքի արտադրության լրացուցիչ ֆինանսավորում՝ 25 մլրդ դոլարի չափով։ Սակայն վերլուծաբանները պնդում են, որ Պենտագոնի հավակնոտ նպատակներին հասնելը տասնյակ միլիարդներով ավելի թանկ կարժենա։