«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում վերջին օրերին բուռն քննարկման թեմա է դարձել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հանկարծակի քաղաքական ակտիվությունը, մինչ հանրային օրակարգում նա համարվում էր համարյա «մոռացված» պատգամավորներից մեկը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՔՊ վարչության վերջին նիստում Դավոյանը փորձել է նաեւ դուրս գալ հին քաղաքական խաղացողների դեմ՝ մասնավորապես բախվելով Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Նա փորձել էր բարձրացնել Ավինյանի կոռուպցիոն բնույթի որոշ կապերի թեման, սակայն նրա փորձը հաջողությամբ չպսակվեց։ Ավինյանի թիմը բավականին արագ հակազդեց, ինչի արդյունքում Դավոյանը ժամանակավորապես կորցրել է դիրքերը ՔՊ-ում։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Դավոյանի «վերածնունդը» պատահական չէ։ Նա, ով շուրջ մեկ տարի պահում էր քաղաքական լռություն՝ չունենալով ո՛չ հարցազրույց, ո՛չ ելույթ, անգամ՝ շփում վարչապետ Փաշինյանի հետ, այսօր ակտիվորեն մասնակցում է ՔՊ-ի ներսում ընթացող գործընթացներին։

Սակայն վերջին շաբաթներին ՔՊ-ում իսկական զարմանք է առաջացրել Դավոյանի նոր գործիչ-իմիջը։ Ըստ իշխանական շրջանակների՝ Դավոյանը փորձում է Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը վերստին գրավել, քանի որ հաջորդ ընտրություններում ՔՊ-ի ընտրացուցակում անցողիկ տեղ ունենալու խնդիր ունի։ Դավոյանի «արթնացումը» հենց այդ պայքարի նախաբանում է դիտարկվում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: