ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրը այցելել է Պետերբուրգ և խորհրդակցություն անցկացրել զինվորականների հետ, նրան զեկուցել են ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին:

Հակառակորդը նահանջում է մարտական շփման գծի ողջ երկայնքով, հայտարարել Է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ հատուկ գործողության գոտում ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ Ռուսաստանի զինուժի ձեռքում է։

«Ուկրաինայի զինված ուժերը նահանջում են մարտական շփման գծի ողջ երկայնքով»,– հայտարարել է ՌԴ նախագահը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ:

Նա նշել է, որ ռուսական բանակն այս տարի արդեն 5,000 քառ. կմ և 219 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել։

«Ուկրաինայի զինված ուժերը փորձում են հարվածներ հասցնել ՌԴ–ի խորքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին, բայց դա Կիևի իշխանություններին չի օգնի»,– հավելել է Պուտինը։

Նրա խոսքով` բանակի հաջող գործողությունների ապահովման հարցում կարևոր դեր է խաղում պաշտպանական-արդյունաբերական համալիրը, իսկ նորագույն սպառազինության մշակումն ու մատակարարումն իրականացվում են առաջանցիկ տեմպերով: