Հաշվի առնելով, որ սահմանային անցակետերում լրագրողներ չկան և ով ինչ ցանկանա, կարող է ասել, տեղեկացնեմ, որ տեղեկությունը, թե բնականոն երթևեկությունը սահմանային կետերում վերականգնվել է, ըստ ցուցարարների, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին facebook–ի իր էջում գրել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նա մասնավորապես, նշել է. «Երթևեկությունը եղել է փակ բացառապես բեռնատարների համար ու շարունակում է մնալ փակ մինչև հիմա, իսկ մարդատարների համար երթևեկությունը փակ չի էլ եղել և ցուցարարները այն փակելու միտում չեն էլ ունեցել»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ երեկ բեռնատարների վարորդները փակել են Վրաստանի հետ սահմանին գտնվող «Բավրա», «Բագրատաշեն» և «Գոգավան» անցակետերի ճանապարհները։
Նրանք մտադիր չեն բաց թողնել արտասահմանյան բեռնատարները, քանի դեռ չի լուծվել իրենց՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու հարցը։
Նշենք, որ վարորդներն երեկ բողոքի ակցիա են իրականացրել, սակայն Կառավարությունից, ԱԳՆ–ից եւ ՀՀ–ում ՌԴ դեսպանատնից իրենց հարցերի պատասխանները չեն ստացել եւ որոշել են դիմել այս ծայրահեղ քայլին։