Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 23–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին։
«Սույն նախագծով առաջարկվում է 570 մլն դրամ հատկացնել 10-18 տարեկան երեխաների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգը ներդնելու համար։ Նշեմ, որ 0-9 տարեկան երեխաներին արդեն Կառավարությունը նախորդիվ 181 մլն դրամ հատկացրել է»,- ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ այդ որոշումներով Կառավարությունը, առաջնահերթություն տալով երեխաների առողջության պահպանմանը և կյանքի որակի ապահովմանը, 1100 երեխայի համար կմեկնարկի շաքարային դիաբետի կառավարման լիարժեք խնայող և ճշգրիտ տվյալներ ապահովող համակարգով։ Համակարգում ներառվելու են վերջին սերնդի սենսորներ։
«Մեր շահառուները օրական 5-6 անգամ իրականացնում են արյան չափման գործընթաց, և երեխաների համար մատը ծակելը թե՛ հոգեբանական, և թե՛ կազմակերպչական առումով բարդություններ է առաջացնում, և հաճախ նաև երեխաներն այդ չափումներն իրականացնելուց հրաժարվում են, ինչը հանգեցնում է նաև ինսուլինի ոչ ճիշտ դեղաչափերով ապահովելուն»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը նշեց, որ սարքերը հնարավորություն կտան դեղամիջոցը հատկացնել ճշգրիտ չափաքանակով։ Այդ համակարգերն ամբողջովին թվային են, և տվյալները հավաքվելու են հեռահար ձևաչափով և առնվազն 5 մեծ կարողանալու է հետևել երեխայի ցուցանիշներին. բժիշկը, ծնողը, եթե անհրաժեշտություն լինի՝ դաստիարակը, ուսուցիչը։
«Մենք 2025 թվականին նաև վերանայել ենք մինչև 28 տարեկան անձանց համար չափման ստրիպների քանակները և ներառել ենք նաև 18-28 տարեկանների համար, և սա ևս, կարծում եմ, շատ կարևոր քայլ է, որն ընդհանուր առմամբ դիաբետի վարման առումով մեր երկիրը դնում է ժամանակակից քարտեզի վրա։
Այս բոլոր միջոցառումներն ուղղվում են նաև, որ մեր երեխաները չհամարվեն հաշմանդամ։ Դիաբետը նորագույն այս դեղամիջոցներով և սարքավորումներով կառավարելու պարագայում դառնում է կենսաձև, և սա է մեր քաղաքականությունը՝ ապահովել երեխաների լիարժեք կյանքը, ֆունկցիոնալությունը և հրաժարվել նախկինում հաշմանդամացման տրամաբանությունից»,- ասաց նա։
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ սարքավորումների մատակարարումները սահմանված են մինչև տարեվերջ՝ խմբաքանակներով։ Երեխաները կհրավիրվեն, իրենց բժիշկը և բուժքույրը։ Ամբողջապես կիրականացվի փակցնումը սարքի և կրթական հատվածը։ Խումբ-խումբ մինչև տարվա վերջ պետք է ապահովենք»,- ասաց նա։