Այսօր երգչուհիներ Էմմին, Սոֆի Մխեյանը, դերասան Սոս Ջանիբեկյանն ու իրավաբան, երգիչ Վրեժ Կիրակոսյանը ՄԵԼ-ի կողմից տարածված ինֆորմացիան հերքելու համար մամուլի ասուլիս էին հրավիրել: Ասուլիսի հենց սկզբում ներկայացվեց ՄԵԼ-ի այն հայտարարությւոնը, որում իրենք ներողություն են խնդրում այն հայտնիներից, ովքեր հերքել են իրենց` աղանդավոր լինելը և ասում են, որ իրենք նշել էին, թե դա հաստատ չէ և ուրախ են, որ որոշ հայտնիներ հերքել են այդ փաստը և պատկանում են հայ առաքելական եկեղեցուն: Նրանք նաև նշում են հայտարարության մեջ, որ աղանդ բառը պետք չէ հասկանալ որպես վիրավորանք, և իրենք վիրավորելու միտումներ չեն ունեցել:

Հիշեցնենք, որ Միացյալ Երիտասարդական Լիգան ստացել է տեղեկություններ այն մասին, որ ՀՀ-ում հայտնի անձինք (շոու-բիզնես, հեռուստատեսության աշխատակիցներ, դերասաններ, լրագրողներ), անմիջական կապ ունեն այս կամ այն աղանդի հետ:

Սակայն դերասան Սոս Ջանիբեկյանի համար դա վիրավորանք է, և նրան բարկացրել է ապատեղեկատվությունը:

«Ներողությունը հավասար է նրան, որ եթե ես լուր տարածեմ, որ ինչ որ մեկը հիմար է կամ թզուկ, հետո ճշտեմ, որ այդպես չէ, հերքում տամ: Դրա համար էլ պետք է նախապես ճշտել, հետո տարածել: Իսկ հերքման մեխանիզմը ես չեմ ընդունում»,- իր խոսքում նշեց Ջանիբեկյանը:

Լրագրողի այն հարցին, տեղյակ են արդյոք` ովքեր են ՄԵԼ-ի անդամները, դերասանն ասաց` բարեբախտաբար ոչ:

«Երեկ ինձ զանգահարեց այդ շարժման հիմնադիրներից մեկը, և ես իմացա, որ ՄԵԼ-ը բավականին լուրջ շարժում է, որը պայքարում է աղանդների դեմ: Անդամները 20-23 տարեկան պատանիներ են, ովքեր ապրում են քաղաքից դուրս և նրանցում ըմբոստ ոգին է իշխում: Բայց իրենց այդ քայլով առաջին հերթին մեր երկրպագուներին են մոլորեցրել, որոնց առաջ մենք պատասխանտու ենք»,- ասաց Ջանիբեկյանն ` ավելացնելով, որ պետք է բոլորն էլ զգույշ լինեն իրենց խոսքում:

Երգիչ Վրեժ Կիրակոսյանը և երգչուհիներ Էմմին ու Սոֆի Մխեյանը նույնպես հաստատեցին, որ իրենք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են և ոչ մի աղանդի չեն պատկանում:

«Մենք արդար քրտինքով անուն ենք ձեռք բերում, իսկ որոշ բլոգերներ ցանկանում են մեր անունը վարկաբեկելով` հայտնի դառնալ: Ես ունեմ սիրած եկեղեցի, որտեղ մկրտվել եմ և միշտ այնտեղ եմ այցելում: Դա Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցին է»,- ասաց Էմմին:

Իսկ երգչուհի Սոֆի Մխեյանի համոզմամբ` հայտարարությունը մարդու իրավունքների ոտնահարում է: «Ինձ շատ բարկացրեց այն փաստը, որ նյութը հայտնվեց իմ լուսանկարով` որպես գլխավոր նյութ: Այս հարցով իրավաբանները լուրջ կզբաղվեն»,- հավելեց երգչուհին:

Հյուրերը նաև հայտնեցին, որ  դիմել են իրավաբանների, որոնք տեղեկացրել են, որ հայցադիմում կարող են ներկայացնել` զրպարտության հոդվածով  գործը նախնական փուլում է և քննարկվում են բոլոր ուղղությունները:

Հանդիպման վերջում դերասան Սոս Ջանիբեկյանը հայտարարեց, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սխալ տեղեկություն տարածողները պատանիներ են և անխելք են գտնվել, ինքը մեծահոգի կգտնվի և նրանց կողմից լուրջ հերքում ստանալու, և ներողություն խնդրելու դեպքում հայց չի ներկայացնի:

Մյուսներն էլ հայտնեցին, որ գործի ընթացքից պարզ կդառնան իրենց հետագա անելիքները: