Տեգան անունով տասը տարեկան աղջիկը Ուելսի հարավային ափին մոր՝ Կլերի հետ զբոսանքի ժամանակ հայտնաբերել է հնագույն դինոզավրի հինգ հստակ պահպանված հետքեր, որոնք, ըստ հնէաբանների գնահատման, մոտ 220 միլիոն տարվա վաղեմություն ունեն, գրում է Popular Mechanics-ը։

Դեպքը տեղի է ունեցել Վեյլ-օֆ-Գլամորգան շրջանի մոտակայքում, որը հայտնի է որպես հնագիտական գտածոների «թեժ կետ»։ Տեգանը նկատել է մեծ չափի հետքերի շարք՝ կարմրավուն ծակոտկեն ապարների վրա, միմյանցից մոտ 75 սմ հեռավորությամբ՝ հստակ ձախ-աջ-ձախ-աջ հաջորդականությամբ։

Մայրը լուսանկարել է գտածոն և ուղարկել Ուելսի ազգային թանգարան։ Թանգարանի հնէաբանության բաժնի կուրատոր Սինդի Հոուլզը հաստատել է, որ հետքերը, ամենայն հավանականությամբ, պատկանում են Sauropodomorpha ընտանիքի խոտակեր դինոզավրի, հնարավոր է՝ Camelotia ցեղի ներկայացուցչի, որն ապրել է տրիասյան շրջանի վերջում։


Այս երկարավիզ դինոզավրը կարող էր հասնել մինչև 3 մետր բարձրության և մոտ 5 մետր երկարության։ Հետքերի դասավորությունը և դրանց միջև հեռավորությունը ցույց են տվել, որ կենդանին երբեմն շարժվել է երկու ոտքով, իսկ երբեմն՝ չորսով։ Հոուլզը նշել է․ «Եթե դրանք պարզապես պատահական փոսեր լինեին, մենք կասկածներ կունենայինք, բայց ձախ-աջ-ձախ-աջ հաջորդականությունն ու կայուն ռիթմը վկայում են իրական արարածի մասին»։

Նա նաև ընդգծել է գտածոյի կարևորությունը․ «Մինչև վերջերս մենք շատ քիչ բան գիտեինք Ուելսի դինոզավրերի մասին, իսկ այժմ մոտավորապես ամեն հինգ-վեց տարին մեկ հայտնաբերում ենք հետքեր կամ ոսկորներ։ Սա վկայում է, որ այստեղ դինոզավրերի բնակության շարունակական շղթա է եղել մոտ 15 միլիոն տարի»։


Տեգանի համար սովորական զբոսանքը վերածվել է երազանքային հնագիտական արշավի․ «Մենք պարզապես գնացինք տեսնելու՝ ինչ կգտնենք… և հանկարծ հասկացանք, որ քայլում ենք նույն ավազի վրայով, որով հարյուրավոր միլիոն տարի առաջ անցել է դինոզավրը»։