«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, թե նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցություններ) բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդը, մուտքերը եւ ելքերը որքան են կազմել հոկտեմբերի 30-ի դրությամբ։

Վերլուծության արդյունքներով` ամենաունեւոր եւ ֆինանսապես կայուն կուսակցությունը «Հայ հեղափոխական դաշնակցությունն» է, որի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 29 մլն 213 հազար դրամ։

Այս գումարից ելքագրվել է միայն անշարժ գույքի հարկ՝ 1 մլն 875 հազար 335 դրամի չափով։ Նշենք նաեւ, որ կուսակցությունը Հանձնաժողով չի ներկայացրել բոլոր հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը։

Բանկային հաշվին առկա գումարի չափով 2-րդ տեղում «Հանրապետություն» կուսակցությունն է ՝ 23 մլն 492 հազար դրամ բանկային հաշվի մնացորդով։ Կուսակցության ծախսերը համեմատաբար համեստ են. 8 աշխատողի աշխատավարձի եւ արձակուրդայինի վճար՝ 1 մլն 72 հազար դրամ, դրոշմանիշային վճար՝ 18 հազար դրամ, ինչպես նաեւ մի շարք անկանխիկ փոխանցումներ՝ նվազագույնը 6,930-ից մինչեւ առավելագույնը 29,633 դրամ։

3-րդ տեղում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 15 մլն 360 հազար դրամ բանկային հաշվի մնացորդով։

Այս գումարից 462 հազար 700 դրամը կուտակվել է 41 անձից ստացված անդամավճարներով՝ նվազագույնը կազմել է 1,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ։

Բացի դրանից ՔՊ-ն հաշվից ելքագրել է 31 մլն 487 հազար դրամ այլ ծախսերի համար. նվազագույնը՝ 300 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,080,000 դրամ, իսկ 30 մլն դրամը փոխանցվել է նախընտրականի հաշվին։

4-րդ տեղում «Հայրենիք» կուսակցությունն է 1 մլն 156 հազար 594 դրամ բանկային հաշվի մնացորդով։ Կուսակցությունը 1 մլն դրամ փոխանցել է նախընտրական հիմնադրամին։

Կուսակցության հաշվին մուտքերը եղել են. «2 անձից ստացած նվիրատվություն, յուրաքանչյուրից՝ 500,000 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 1 մլն դրամ», եւ եւս 1 մլն դրամ հետեւյալ նկարագրությամբ՝ «այլ մուտքերն արգելված է ստանալ «Հայրենիք» կուսակության նախընտրական հիմնադրամում»։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության բանկային հաշվի մնացորդները կազմել են 15 հազար 165 դրամ։

«Ժառանգություն» կուսակցության վերաբերյալ ՀՀ բանկերում որեւէ տեղեկատվություն չի եղել. այսպես նշված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։

«Համահայկական ճակատ» կուսակցությունը 1 անձից ստացել է նվիրատվություն 192 հազար դրամ, իսկ, ահա, հոկտեմբերի 30-ի դրությամբ հաշվի մնացորդը կազմել է 13 հազար 600 դրամ։
«Առաջ աջակենտրոն» կուսակցությունը, որը «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության հետ կազմում է «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, ներկայացրել է ՀՅԴ-ից համեստ ֆինանսական հաշվետվություն, ըստ որի՝ կուսակցությունն այժմ բանկային հաշվում գումար չունի եւ միայն 490 հազար դրամ հատկացրել է Վաղարշապատ համայնքի՝ 2025 թվականի նոյեմբերի 16-ի ավագանու ընտրության քարոզարշավի նպատակով։

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը 1 անձից ստացել է 2,5 մլն դրամ նվիրատվություն եւ նույնքան էլ հատկացրել է Վաղարշապատ համայնքում ընտրության ծախսերի համար ու հոկտեմբերի վերջին բանկային հաշվին գումար չի ունեցել։

Հարկ է նշել, որ սա ամենավերջին հաշվետվություւնն է, որ ներկայացվել է ԿԿՀ-ին։ Ուշագրավ մի փաստ կա առաջին հաշվետվության մեջ, որը ներկայացվել է հոկտեմբերի 22-ին։
Համաձայն այս հաշվետվության՝ ՔՊ-ն ամենաունեւոր կուսակցությունն է 55 մլն 432 հազար դրամ բանկային հաշվի մնացորդով։

ՔՊ-ն 17 անձից ստացել է նվիրատվություն 10 մլն 600 հազար դրամ, որը կուտակվել է՝ նվազագույնը 100,000 ՀՀ դրամ, առավելագույնը 3,000,000 ՀՀ դրամ նվիրատվությունից, իսկ 921 հազար դրամը կուտակվել է 33 անձից ստացված անդամավճարներից՝ նվազագույնը 1,000 ՀՀ դրամ, առավելագույնը 700,000 ՀՀ դրամ։

Նվիրատուների մասին տեղեկատվություն առաջիկայում կփորձենք ավելի մանրամասն եւ հանգամանալից ներկայացնել ու բացահայտել՝ ովքեր են նվիրատուներն այս անգամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: