Երեքշաբթի օրը Լիբանանի հարավում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարի վրա Իսրայելի օդային հարվածի հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել են մի քանիսը, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Սա ամենամահաբեր հարվածն է եղել Լիբանանին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև մեկ տարի առաջ կրակի դադարեցումից ի վեր։ Ինչպես հայտնում է պետական Ազգային տեղեկատվական գործակալությունը, անօդաչու թռչող սարքը Սայդա ափամերձ քաղաքի ծայրամասում գտնվող Էյն-էլ-Հիլվե փախստականների ճամբարի մզկիթի ավտոկայանատեղիում խոցել է մի մեքենա։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ավիահարվածի հետևանքով 13 մարդ է զոհվել, իսկ ևս մի քանիսը վիրավորվել են՝ չհայտնելով այլ մանրամասներ։ Տարածքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զինյալները թույլ չեն տվել լրագրողներին մոտենալ դեպքի վայրին, քանի որ շտապօգնության մեքենաները շտապում էին տարհանել վիրավորներին ու զոհվածներին։
Իսրայելի բանակը հայտարարեց, որ հարվածել է ՀԱՄԱՍ-ի մարզական կենտրոնին, որն օգտագործվում է Իսրայելի և նրա բանակի վրա հարձակումներ նախապատրաստելու համար: Այն հավելել է, որ Իսրայելի բանակը կշարունակի թիրախավորել Համասին՝ անկախ նրանից, թե որտեղ է գործում խմբավորումը:


