Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը գտնվում է վճռորոշ պահում։ Նա այս մասին ասել է Ղրիմյան հարթակի Չորրորդ խորհրդարանական գագաթնաժողովին ուղղված տեսաուղերձում, հաղորդում է РБК-Украина-ն։
«Այս պահին մենք գտնվում ենք վճռորոշ իրավիճակում։ Մենք շատ սերտորեն աշխատում ենք Միացյալ Նահանգների, եվրոպական գործընկերների և շատ ուրիշների հետ՝ սահմանելով այն քայլերը, որոնք կարող են մոտեցնել Ռուսաստանի պատերազմի ավարտին և իրական անվտանգություն բերել բոլորին», — նշել է Զելենսկին։
Ըստ նրա, Ռուսաստանը փորձում է իրավական ձևակերպում տալ իր պահանջներին Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ՝ տարածելով այդ մոտեցումը ողջ աշխարհում։
«Մամուլում շատ աղմուկ կա, մեծ քաղաքական ճնշում, և առավել մեծ պատասխանատվություն կա այն որոշման մեջ, որը Պուտինը փորձում է պարտադրել՝ իրավական ձևակերպում տալով իր ուզածին, որպեսզի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքը չկատարվի։ Սա հիմնական խնդիրն է։ Նա դա ուզում է ոչ միայն Ուկրաինայից, այլև ամբողջ աշխարհից։ Եվ դա չափազանց վտանգավոր է», — ընդգծել է Զելենսկին։
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ համակարգման շրջանակում Ուկրաինան քայլեր է ձեռնարկում բոլոր գերիների ազատման և առևանգված երեխաների վերադարձի ուղղությամբ։
Զելենսկին կոչ է արել գործընկերներին փնտրել այնպիսի փոխզիջումներ, որոնք կուժեղացնեն Ուկրաինայի դիրքերը, այլ ոչ թե կթուլացնեն։
«Մենք շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ, առաջին հերթին ԱՄՆ-ի, փնտրելով փոխզիջումներ, որոնք կուժեղացնեն, այլ ոչ թե կթուլացնեն մեզ։ Եվ մենք շարունակելու ենք բացատրել, թե որքան վտանգավոր է ձևացնել, որ ագրեսիան կարելի է անտեսել, կարծես թե ամեն ինչ ինքն իրեն «հաղթահարվել է»», — ասել է նա։
Ուկրաինայի նախագահը կոչ է արել աշխարհի խորհրդարաններին աջակցել Ուկրաինային և պահպանել ճնշումը Ռուսաստանի վրա, մասնավորապես՝ ռուսաստանյան ակտիվների սառեցման միջոցով, և ընդգծել է ռազմական հանցագործությունների պատասխանատվության կարևորությունը։
«Ռուսաստանյան ակտիվների սառեցման որոշումը կարևոր է։ Խնդրում եմ աջակցել այս որոշմանը։ Շարունակեք պահպանել ճնշումը Ռուսաստանի վրա, քանի որ նա ամեն օր մարդկանց է սպանում։ Օկուպացված տարածքները շարունակում են մնալ օկուպացված։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ ագրեսոր պետություն», — նշել է Զելենսկին։


