Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Արայիկ Հարությունյանը Մոսկվայում մասնակցելու է լեգենդար ֆուտբոլիստ, վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ և ԽՍՀՄ քառակի չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը»,-ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն, հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը:
Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկանում։ Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, «Լուկօյլ Արենա»-ում։
Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության քառակի չեմպիոն է, Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում երկու անգամ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, Մոսկվայի «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 160 գոլով։ Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության հավաքականի հետ դարձել է 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։
Որպես մարզիչ Նիկտա Սիմոնյանը երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երեք անգամ էլ հաղթել է ԽՍՀՄ գավաթը։
1992 թվականից Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահի պաշտոնը։
1973 թվականին Նիկիտա Սիմոնյանը՝ որպես Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ, հաղթել է ԽՍՀՄ առաջնությունն ու գավաթը։


