Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը ներկայացրել է ազգային զինվորական ծառայության նոր ծրագիրը, հայտնում է Associated Press-ը։

Մակրոնը հայտարարել է, որ 18 և 19 տարեկան կամավորները հաջորդ տարի կսկսեն ծառայել 10-ամսյա նոր զինվորական ծառայության ծրագրի շրջանակներում։


«Նոր ազգային ծառայությունը կստեղծվի աստիճանաբար՝ սկսած հաջորդ ամռանից», - ասել է Մակրոնը ֆրանսիական Ալպերում գտնվող Վարսես ռազմաբազայում ունեցած ելույթի ժամանակ։


Մակրոնի խոսքերով՝ երիտասարդ կամավորները ծառայելու են միայն մայրցամաքային Ֆրանսիայում և անդրծովյան տարածքներում, այլ ոչ թե արտասահմանում իրականացվող Ֆրանսիայի ռազմական գործողություններում։ Այս տարվա սկզբին Մակրոնը հայտարարել էր ֆրանսիացի երիտասարդներին բանակում կամավոր ծառայելու նոր հնարավորություն ընձեռելու իր մտադրության մասին։

Զորակոչի հարցը, որը Ֆրանսիան վերացրել է 1996 թվականին, չի քննարկվում։ Միևնույն ժամանակ նա բացատրել է, որ Ֆրանսիան ձգտում է ամրապնդել իր պաշտպանական կարողությունները, քանի որ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում «մեծ ռիսկի» է ենթարկում եվրոպական մայրցամաքը։

«Այն օրը, երբ դուք ազդանշան կտաք Ռուսաստանի թուլության մասին, որը 10 տարի ռազմավարական ընտրություն է կատարել կրկին կայսերական տերություն դառնալու համար․ այսինքն՝ առաջ է շարժվել այնտեղ, որտեղ մենք թույլ ենք, ապա նա կշարունակի առաջ շարժվել», — ասել է նա RTL ռադիոյին տված հարցազրույցում:

Մակրոնը հայտարարեց հաջորդ երկու տարիների ընթացքում 6.5 միլիարդ եվրոյի լրացուցիչ ռազմական ծախսերի մասին: Նա նշել է, որ Ֆրանսիան 2027 թվականին մտադիր է տարեկան 64 միլիարդ եվրո ծախսել պաշտպանության վրա։ Դա տեղի է ունենալու նրա երկրորդ նախագահական ժամկետի վերջին տարում:

Սա կրկնակի անգամ կգերազանցեր տարեկան 32 միլիարդ եվրոյի ծախսերը, որոնք կային, երբ նա նախագահ դարձավ 2017 թվականին։ Ֆրանսիայի զինված ուժերը ներկայումս ունեն շուրջ 200 000 գործող զինծառայող և ավելի քան 40 000 պահեստազորային, ինչը նրան դարձնում է երկրորդը թվաքանակով Եվրամիությունում (Լեհաստանից հետո։) Ֆրանսիան ցանկանում է մինչև 2030 թվականը պահեստազորայինների թիվը հասցնել 100 000-ի։