Միացյալ Նահանգների նախագահի պատվիրակ Դեն Դրիսկոլը հայտարարել է, որ Ռուսաստանը հրթիռներ է կուտակում՝ համոզելով Եվրոպային համաձայնել Ռուսաստանի հետ խաղաղությանը , գրում է The New York Times-ը։

Նշվում է, որ Դրիսկոլը եվրոպացի դաշնակիցներին ասել է, որ այդ հրթիռները կարող են օգտագործվել ինչպես Կիևի դեմ, այնպես էլ Ուկրաինայից դուրս հնարավոր հակամարտության ժամանակ։


Այս շաբաթ Դրիսկոլը բանակցություններ է վարել Ուկրաինայում, Ժնևում և Աբու Դաբիում՝ քննարկելով ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը։ Դրա նախնական տարբերակը, որը հրապարակվել էր մի քանի լրատվամիջոցներով, պարունակում էր մի քանի դրույթներ, որոնք անընդունելի էին Ուկրաինայի համար և ընդհանուր առմամբ ավելի շատ համապատասխանում էին Ռուսաստանի պահանջներին։

Ամերիկյան և եվրոպական պաշտոնյաների հետ խորհրդակցություններից հետո պլանը փոփոխվել է, հիշեցնում է BBC-ն։ Փաստաթղթի բովանդակությունը չի հրապարակվում, սակայն բազմաթիվ պարբերականներ հայտնում են, որ այժմ դրանում ավելի շատ են հաշվի առնվում Կիևի շահերը, իսկ ամենաբարդ հարցերը թողնվել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների քննարկմանը։

Ինչպես գրում է NYT-ն, Դրիսկոլի խոսքերը ռուսական հրթիռների մասին ակնհայտորեն կոչված էին ցույց տալու, որ «անհրաժեշտ է արագ լուծում գտնել, քանի որ հրթիռային սպառնալիքն աճում է և այն կարող է հանգեցնել կործանարար հարվածի Ուկրաինային ու տարածվել նրա սահմաններից դուրս»։ Թերթի զրուցակիցների դիտարկումներով՝ եվրոպացի դիվանագետները հրթիռների կուտակման սպառնալիքը համարել են չափազանց լուրջ։