Շատ ուրախ եմ, որ կարողացա ներկա գտնվել ընկերոջս՝ Արման Ծառուկյանի մենամարտին Դոհայում: Կրկնակի հաճելի էր, որ մեզ միացան Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը: Մեծ էմոցիաներ ապրեցի, ամեն ինչ շատ հուզիչ էր, մասնավորապես հաղթանակի վայրկյանները: Կյանքում մեկ էլ այդպես ուրախացել էի իմ հաղթանակի ժամանակ, երբ 2019 թ. առաջին անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն: Նա ուզում է ամեն ինչ անել Հայաստանի համար, որպեսզի մեր ազգին ուրախացնի:


Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը:


Հայաստանի առաջատար ըմբիշը օրերս գտնվում էր Քաթարի մայրաքաղաք Դոհայում, որտեղ ներկա է եղել խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանի (Հայաստան) մենամարտին: Հիշեցնենք, որ Դոհայում անցկացված UFC Fight Night 264 մրցաշարում Ծառուկյանը հաղթեց դասակարգման 6-րդ համար, նորզելանդացի Դեն Հուքերին եւ դարձավ չեմպիոնի հավակնորդ։ Արսեն Հարությունյանի եւ Արման Ծառուկյանի ընկերությունը երկար տարիների պատմություն ունի, բայց Եվրոպայի քառակի չեմպիոնն առաջին անգամ է ներկա եղել ընկերոջ մենամարտին եւ երկրպագել տրիբունաներից: Արսեն Հարությունյանը պատմել է Արման Ծառուկյանի հաղթական մենամարտի, նախապատրաստական փուլի մասին, մի փոքր էլ բացահայտել Արման Ծառուկյան մարտիկին այլ կողմից:

«Արման Ծառուկյանն իմ մտերիմ ընկերն է: Մենամարտին պատրաստվելու փուլում նրա կողքին եմ եղել: Նախորդ՝ Մախաչեւի հետ նախատեսված մենամարտից առաջ էլ նրա հետ էի: Միասին հավաքներ էինք անցկացրել, պատրաստվել այդ մենամարտին, բայց այն տեղի չունեցավ: Այդպես էլ այս մենամարտին միասին պատրաստվեցինք: Գնացել էի Կրասնոդար, որտեղ հավաք անցկացրինք եւ մեկնեցինք Դոհա: Քանի որ ես էլ եմ քաշ իջեցնող ըմբիշ, լավ կարող էի հասկանալ Արմանին այդ շրջանում: Մշտապես նրա կողքին էի, փորձում էի օգնել, հոգեբանական աջակցություն ցուցաբերել, ըմբշամարտի մարզումներով խորհուրդներ տալ: Մինչեւ հաղթանակ այդ ճանապարհը միասին անցանք:

Արդեն մենամարտի օրերին մոտենալիս, մեծ ոգեւորություն ունեինք բոլորս: Առաջին անգամ էի նրա մենամարտին հետեւում մարզադահլիճից: Մեծ էմոցիաներ ապրեցի, տեղս չէի գտնում, այնպես էի գոռում, այնքան հուզիչ էր ամեն ինչ, մասնավորապես հաղթանակի վայրկյանները: Կյանքում մեկ էլ այդպես ուրախացել էի իմ հաղթանակի ժամանակ, երբ 2019 թ. առաջին անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն: Արմանի հաղթանակն ինձ այնքան էմոցիաներ, ոգեւորություն տվեց, խոսքերով չեմ կարող նկարագրել:

Առաջին անգամ էի ներկա Արմանի մենամարտին, քանի որ միշտ կամ եղել եմ հավաքների, կամ մրցաշարերի, չի ստացվել: Նույնը եւ ինքը չի կարողացել ներկա գտնվել իմ մրցաշարերին, բայց այսուհետ խոստացել է, որ անպայման յուրաքանչյուր աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում կողքիս է լինելու:

Մենամարտից առաջ մեր հույզերը կրկնապատկվեցին, երբ մեզ միացան Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, ընկերներս: Արմանի եւ բոլորիս համար մեծ ոգեւորություն կար, որ այդ կարեւոր պահերին մեր կողքին են օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը, մեզ հետ էր նաեւ UFC մարտիկ, չեչեն Խամզատ Չիմաեւը: Արմանի համար ոգեւորիչ էր բոլորիս ներկայությունը, աջակցությունը, իրեն շատ լավ էր զգում, որ այդպիսի թիմ ունի կողքի:

Մենամարտը շատ բուռն ու թեժ անցավ. անկառավելի բաներ էի անում, որոնք երբեք նախկինում չէի արել:


Հաղթանակից բացի, ամենատպավորիչ դրվագը Արմանի մուտքն էր մարզադահլիճ հայկական զուռնայի ներքո: Տրիբունաներում կանգնած, մարմինս փշաքավում էր, մեծ էմոցիաներ ստացա: Բոլորը ոտքի էին կանգնել, դիմավորում էին նրան, վանկարկում էի անունը: Այդ պահին հասկացա, որ մարզապալատում ներկա բոլոր երկրպագուները եկել էին հենց Արմանին աջակցելու, բոլորը նրան սիրում են, եկել էին նրա մենամարտը վայելելու: Երբ արդեն մտնում էր օկտագոն, դահլիճում մեծ աժիոտաժ էր:

Մեծ թվով հայեր էին եկել Արմանին աջակցելու: Երբեք որեւէ մրցաշարի ժամանակ մեկ վայրում այդքան հայ չէի տեսել, որ եկած լինեն կոնկրետ հայ մարզիկի երկրպագելու: Երեւի դահլիճի 80 տոկոսը հայեր էին ու շատ յուրահատուկ մթնոլորտ էր:

Արման Ծառուկյանի հետ ծանոթացել եմ 2019 թ. Սոչիում: Այդ ժամանակ նա դեռ այդքան մեծ անուն չունեն, չէր մենամարտում: Մեր հանդիպումից հետո, մի օր նրան հրավիրեցի Ծաղկաձոր հավաքի ու այդտեղից սկսվեց մեր ընկերությունը: Մենք միշտ օգնում ենք միմյանց: Նա շատ է աշխատում իր սխալների վրա, իր կողքն ունի ուժեղ թիմ:

Արման Ծառուկյանը յուրահատուկ մարդ է: Մտածում է ոչ միայն իր, նաեւ իր ընկերների մասին: Շատ է ուզում, որ իր ընկերներն էլ չեմպիոններ լինեն: Հավաքի ժամանակ քաշ գցելու օրերին մարզիչի հետ աշխատելիս, ինձ ասաց, որ աշխարհի առաջնությունում այս-ինչ սխալի պատճառով մրցակիցս տուշե արեց: Սխալս նշեց եւ ասաց, որ դրա վրա պետք է աշխատեմ: Սա նշանակում է, որ նա որքան էլ ծանր վիճակում լինի, գերզբաղված, շատ կարեւոր մենամարտի պատրաստվելիս, չի մոռանում իր հարազատ մարդկանց մասին, իր սիրտը ցավում է յուրաքանչյուրիս համար: Այդ պահին նա իր կարեւոր մարզումը թողել էր, հիշել էր, թե իր ընկերը որտեղ է սխալվել ու պարտվել եւ փորձում էր օգնել: Մեզ համար շատ կարեւոր է, որ Արմանի պես լավ ընկեր ունենք, մեկս մյուսի մասին մտածում ենք ու միասին կարող ենք հասնել ամեն ինչի:

Արմանը նաեւ հասարակ, շատ բարի, հավատքով եւ հարգանքով տղա է: Գիտի, թե ինչպես շփվի մեծերի, փոքրերի հետ, իր երկրպագուների հետ: Նա ուզում է ամեն ինչ անել Հայաստանի համար, որպեսզի մեր ազգին ուրախացնի: Մենամարտի օրերին, որտեղ թույլատրվում էր, ծածանում էր մեր դրոշը, մենամարտի ժամանակ էլ ես էի ծածանում:

Մեր մարզումների ժամանակ Արմանին օգնում էր շատ հայտնի ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ, որն աշխատեց նաեւ ինձ հետ:

Այս մի քանի օրերի եւ մարզումների ընթացքում հասկացա, որ յուրաքանչյուր մարզիկ հաջողության հասնելու համար պետք է ունենա կարգապահություն, հավատք ու նվիրվածություն սպորտին: Միայն այդպես է հնարավոր հասնել երազանքին, նպատակին:

Իմ մարզական կարիերայում Արման Ծառուկյանի նման խելացի մարզիկ չեմ տեսել: Վստահ եմ, որ նա բոլորիս դեռ շատ է ուրախացնելու, ոչ թե մեկ անգամ է գոտի ունենալու, այլ մի քանի անգամ պաշտպանելու է: Հիմա Արմանին գոտու մենամարտ չեն տալիս, բայց ամեն ինչ իր ժամանակին կլինի»,- ասաց Արսեն Հարությունյանը:

Արսեն Հարությունյանի հետ Դոհայում Արման Ծառուկյանին մարզադահլիճից աջակցել են նաեւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներ՝ Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը: Հայ մարզիկները հաղթանակից հետո Արման Ծառուկյանի հետ հանգիստն անցկարցել են Դուբայում (ԱՄԷ):