Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը խիստ նախազգուշացումներ են արել Իրանի հարավային ափերի մոտ տեղակայված ամերիկյան ռազմանավերին՝ խորհուրդ տալով հեռու մնալ ընթացող խոշոր ռազմածովային զորավարժությունների տարածքից։
Ըստ իրանական Tasnim գործակալության՝ նախազգուշացումներն արվել են երկօրյա ռազմածովային զորավարժությունների ժամանակ, որոնք կրում են 2016 թվականին նահատակված ԻՀՊԿ ռազմածովային ուժերի էլիտար ստորաբաժանումների հրամանատար Մոհամմադ Նազերիի անունը։
Զորավարժությունները ներառում են Պարսից ծոցի, Հորմուզի նեղուցի, Օմանի ծովի և Նազեաթ կղզիների՝ Աբու Մուսայի, Մեծ Թունբի, Փոքր Թունբի և Սիրի կղզու ծովային գոտիները։
Ռադիոէլեկտրոնային պաայքարում օգտագործվել են մի շարք ժամանակակից զենիթային հրթիռային, դրանց թվում՝ «Նավաբ», «Մաջի» և «Միսակ» համակարգերը:
Տեղական արտադրության համակարգերն՝ օդային և ծովային թիրախները բարձր ճշգրտությամբ հայտնաբերելու և հարվածելու համար արհեստական բանականություն են օգտագործել։ Ռազմական խաղերը կոչված են ցուցադրելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի մարտական կարողությունները և նոր հարձակողական ու պաշտպանական համակարգերի արդյունավետությունը հրթիռային, ինչպես նաև, անօդաչու թռչող սարքերի գործողություններում, արհեստական բանականության վրա հիմնված հսկողության մեջ։
Կազմակերպիչները նշում են, որ զորավարժությունները խաղաղության և բարեկամության ուղերձ են հղում հարևան երկրներին, միաժամանակ ծառայելով որպես հստակ նախազգուշացում և վճռական պատասխան Իրանի թշնամիներին՝ ցույց տալով, որ Իրանի դիմադրության և զսպման քաղաքականությունը շարունակվում է ամբողջ թափով։


