Թուրքիան կես տարվա ընթացքում կհրաժարվի ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերից, որպեսզի Վաշինգտոնը Անկարային թույլ տա գնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչներ, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, տեղեկացրել է Bloomberg-ը։


Նա նշել է, որ վեց տարի առաջ Մոսկվայի մատակարարած ռուսական համակարգերը «չեն օգտագործվում» Թուրքիայի կողմից, սակայն դրանց առկայությունը դեռեւս խնդիրներ է ստեղծում Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերություններում։ «Ես վստահ եմ, որ այս հարցերը կլուծվեն առաջիկա չորս-վեց ամիսների ընթացքում»,- ուրբաթ Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացած համաժողովում ասել է Բարաքը։ Հարցին, թե արդյոք Թուրքիան մոտենում է С-400-ից հրաժարվելուն, նա պատասխանել է. «Այո»։


Մոսկվան եւ Անկարան 2017թ․ ստորագրել են 2.5 միլիարդ դոլար արժողությամբ С-400 համակարգերի մատակարարման համաձայնագիր։ ԱՄՆ-ը փորձել է խափանել այս գործարքը՝ Թուրքիային բացառելով F-35 ծրագրից եւ մի քանի թուրքական պաշտպանական ընկերությունների դեմ կիրառելով CAATSA հայտնի պատժամիջոցների ռեժիմը։ Հիմնավորման մեջ նշվում էր, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը Անկարա վտանգում է «ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների եւ անձնակազմի անվտանգությունը եւ զգալի ռեսուրսներ է տրամադրում Ռուսաստանի պաշտպանական ոլորտին»։ Չնայած դրան՝ հրթիռային համակարգերը Թուրքիա են մատակարարվել 2019թ․ ամռանը։


2024թ․ օգոստոսին Cumhuriyet թերթը հաղորդել էր, որ Ռուսաստանից գնված С-400-ները մարտական ​​պատրաստության վիճակում չեն դրվել, այլ պահվել են պահեստներում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ռուսական ՀՕՊ համակարգերի հարցը։ Այնուհետեւ Սպիտակ տունը համարել է, որ կարող է թույլ տալ Թուրքիային գնել F-35-ներ՝ առանց մանրամասներ հաղորդելու նշելով, որ Էրդողանը «ինչ-որ բան է անելու մեզ համար»։

Նույն ամսին Կրեմլը, ըստ թուրքական Nefes պարբերականի աղբյուրների, առաջարկել է հետ գնել նախկինում թուրքական իշխանություններին մատակարարված C-400-ները։ Աղբյուրները որպես պատճառ նշել են իրենց սեփական պահեստներում նման համակարգերի պակասը։ Նրանք նաեւ պնդել են, որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ օգտագործել է առկա բոլոր ՀՕՊ համակարգերը եւ, հետեւաբար, չի կարող պատրաստի համակարգեր առաջարկել այլ երկրների։