Տավուշի մարզի Զորական գյուղի մի խումբ բնակիչներ դիմել են «Հրապարակին»՝ իրավապահների, ՄԻՊ-ի, սոցծառայողների ուշադրությունը հրավիրելու համար։


Բնակիչների խոսքով՝ վերջին օրերին համացանցում տարածված հայտնի տեսանյութը, որտեղ անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք էր, խմբով ծեծում, վիրավորում էին մեկին, խաթարել է գյուղի անդորրը։ Զորականցիների խոսքով այժմ ամբողջ համայնքը դարձել է սոցիալական ճնշման և բուլինգի թիրախ։

«Մեր գյուղը, որը հպարտացել է պատմական ավանդներով և մարշալներ տվել  հայրենիքին, հիմա լայնամասշտաբ համացանցային բուլինգի թիրախ է դարձել»,- ասում են նրանք` նշելով, որ սոցիալական ցանցերում մի շարք օգտատերեր, գրելով, հրապարակելով դեպքի մասին,  թիրախավորվել են ողջ գյուղի բնակիչներին։

Բնակիչների խոսքով՝ այդ թիրախավորումը հատկապես ազդում է երեխաների ծնողների, համայնքի ուսուցիչների, համայնքապետի վրա, ովքեր ստանում են անհատական սպառնալից նամակներ։ Այդ իրավիճակը բացասական ազդեցություն է թողնում երեխաների հոգեբանական վիճակի վրա և բարձրացնում համայնքում լարվածությունը։

«Էդ երեխաներն արդեն իրենց պատիժը խիստ ռեժիմով կրել են, արդեն կրել են դրա հետևանքները, բայց հիմա հոգեբանորեն էնպիսի վիճակի մեջ են, որ չեն կարող ազատ զգալ, ծնողներին անընդհատ սպառնում են, մանկապարտեզի տնօրենի համար արդեն երկրորդ շտապօգնությունն ենք կանչում։ Թողեք էդ երեխեքը ուղղվեն, ապրեն, ստիպում են գնան ինքնասպան լինեն։Գրել են, թիրախավորել դպրոցի տնօրեն Ռուզաննա  Ազարյանին, թե դեպքը դպրոցի մոտ է եղել, առանց իմանալու, որ Ազարյանն արդեն 6 ամիս է չի պաշտոնավարում, պահանջում են ծնողներին գործից, գյուղից վտարել։ Հասկացանք, չենք արդարացնում եղածը, բայց միակողմանի պետք չի անել ամեն ինչ։ Ինչո՞ ւ է մեր գյուղի անունը դուրս եկել, եթե դեպքի մասնակից երեք տղաները, էն սպիտակ վերնաշապիկով ծեծող տղան, որը նաև նկարել է տվել, Կոթի գյուղից է, ինչո՞ւ չեն գնում նրանցով հետաքրքրվում։Ծեծողներն ուրիշ գյուղից են, մեր գյուղի անունն է դուրս եկել։Մեր գյուղի տղաների հետ  հիմա էդ նույն Ալենը, որ ծեծվում էր, ոչ մի խնդիր չունի, շփվում են, նորմալ է։ Տղաներն հադկացել են իրենց սխալը, զղջացել, ներողություն խնդրել։ Ալենը մի քիչ խնդրահարույց է բնավորությամբ, մենք միշտ պայքարել ենք, որ իրեն բան չասեն։Հիմա ամբողջ գյուղով դարձել ենք համացանցի զոհ։ Մենք մեր գյուղը սիրում ենք, մեր խնդիրներով ապրող մարդիկ ենք, ի՞նչ են ուզում մեզանից, ստորագրահավաք են կազմակերպում, թե ծնողներին, ուսուցիչներին աշխատանքից հանեք։ Էն դեպքում, որ էդ դեպքը դասի ժամին չի եղել, Էդ Դիլիջանի համայնքապետը մարդ ծեծեց, բացահայտ խուլիգանություն արեց, մեկը ստորագրահավաք չարեց»,֊նեղսրտած ասացին խմբագրություն ահազանգած զորականցիները։ Բնակիչները կոչ են անում սոցիոլոգիական ու իրավական գնահատական տալ՝ հասկանալու միջադեպի հանգամանքները և կանխելու հետագա վնասը համայնքի անդամների, հատկապես անչափահասների համար։