Ադրբեջանական պատվիրակությունը ստուգել է Սոթքի ոսկու հանքը և պարզել, որ Հայաստանն այժմ այնտեղ որևէ հանքարդյունաբերական կամ շահագործման աշխատանք չի իրականացնում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։


Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են, որ «ադրբեջանական կողմը նախկինում մտահոգություններ ուներ Հայաստանի կողմից հանքավայրում հանքարդյունաբերական գործունեության հնարավոր շարունակման վերաբերյալ»։

Նշվում է, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը, որը վարել են փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել կազմակերպել Սոթքի ոսկու հանքի ստուգում։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ադրբեջանն այժմ այնտեղ ստեղծում է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներ, և «այդ աշխատանքների ավարտից հետո հանքավայրը կշահագործի AzerGold-ը»։