Դերասան Լևոն Հարությունյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառմանը, որում Ազգային ժողովի նախագահը նշել էր. «Մի դերասան կար, որ ժամանակին մորս «Մամ ջան»-ով էր դիմում՝ չնայած իր պատկառելի տարիքի: Հիմա ինձ տեսնելիս արագ-արագ անցնում է՝ հայացքը փախցնելով: Բացի ստեղ-ընդեղ նկարվելուց, մի մշտական դեր է հիմա գրել իր համար՝ փողի դիմաց իշխանություններից է բողոքում: Անում է դա իր ՅոՅո մակարդակին համապատասխան, խոսում «որձ լինելու» և «տղամարդ լինելու» մասին, դե բա հո լուրջ քաղաքական բանավեճի մեջ չէր մտնելու: Բայց ես իրեն խղճում եմ շատ ու ափսոսում, իր ղումարի վրա նստած լինելն է իրեն ստիպում փողի դիմաց տարբեր եթերներով էշ-էշ խոսել, բայց ախր այդ փողն էլ չի հերիքելու»:

TikTok-ում հրապարակած տեսանյութում Հարությունյանը, դիմելով Սիմոնյանին, ասում է. «Ես, համարյա, իմ բոլոր ընկերների մամաներին «մամա ջան եմ» ասում, չգիտեմ՝ դու դրա տակ ինչ ես գտնում, բայց, ամեն դեպքում, ես, գոնե, «մամա ջան» եմ ասել, հիմա/տիկին Մարինե ներողություն եմ խնդրում Ձեզանից/ լիքը մարդ լիքը բաներ են ասում, գուցե նրա՞նց անդրադառնաս: Ու չէի ցանկանա էս խոսակցության մեջ, առհասարակ, մայր հասկացողությունը լիներ…»: Անդրադառնալով Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ինքը փողի դիմաց իշխանություններից է բողոքում, Հարությունյանն ընդգծել է.
«Սխալվում ես, շատ ես սխալվում… մեկ էլ բաներ ես գրել... Ախր դու Ազգային ժողովի նախագահ ես, խի՞ ես իջնում էդ մակարդակին… Երբ մենք հանդիպել ենք, ես երբեք իմ հայացքը չեմ փախցրել»,-նշել է դերասանը՝ հիշեցնելով իրենց վերջին հանդիպման միջադեպը, որը տեղի էր ունեցել Կասկադում:
«Դու քո շքախմբի հետ անցնում էիր Կասկադով, ես նստած էի, մեր հայացքները հանդիպեցին, մենք երկար նայեցինք իրար: Եթե ձեզ թվում էր՝ ես ձեզ պետք է բարև տայի, անցնողը դուք էիք, դուք պետք է բարև տայիք: Ու հիշիր՝ ես երբեք իմ հայացքը քո հայացքից չեմ փախցնելու, ու կարծում եմ՝ դու դրան արդեն արժանի չես. գոնե, մեկ-մեկ տեսնվում, բարևում էինք, նույնիսկ կար ժամանակ, որ ես Ձեզ հետ «Դուք»-ով էի խոսում, որովհետև գնահատում էի, որ Ազգային ժողովի նախագահն եք: Արդեն էդ «Դուք»-ն էլ չկա: Դու՝ Ալեն, խնդրում եմ՝ սրանից հետո ուշադիր եղիր, աշխատիր մարդկանց չվիրավորել…»:
Լևոն Հարությունյանի ամբողջական պատասխանը՝ տեսանյութում:


