Գիտնականները պատրաստվում են օգտագործել տիեզերական ճառագայթների մասնիկները՝ բացահայտելու Չիչեն Իցայում գտնվող մայաների հնագույն Էլ Կաստիլյո տաճարի թաքնված գաղտնիքները։ Այն մեզոամերիկյան մշակույթի ամենահայտնի ճարտարապետական հուշարձաններից է. գրում է Interesting Engineering-ը։


Այս տաճարը, որը հայտնի է նաև որպես Կուկուլկանի տաճար, կառուցվել է մոտավորապես մեր թվարկության 700-1300 թվականներին և համարվում է Աշխարհի նոր յոթ հրաշալիքներից մեկը՝ շնորհիվ իր բարդ ճարտարապետության և աստղագիտական նշանակության։

Հնագետները վաղուց են կասկածում, որ բուրգի ներսում կարող են թաքնված լինել նախկինում անհայտ խցիկներ և կառույցներ, սակայն հետազոտության ավանդական մեթոդները դժվար են՝ կրաքարե բլոկների խտության և հուշարձանին սպառնացող վտանգի պատճառով։ Ավելի խորն ուսումնասիրության համար միջազգային թիմը ծրագրում է կիրառել մյուոգրաֆիա՝ պատկերավորման ժամանակակից տեխնոլոգիա, որը հիմնված է քարե շարվածքի միջով անցնող բնական տիեզերական մասնիկների գրանցման վրա։ Դա թույլ կտա ուսումնասիրել կառույցի ներքին խտությունը և թաքնված տարածությունները՝ առանց այն վնասելու։

Մյուոգրաֆիայի մեթոդն օգտագործում է մյուոններ՝ փոքրագույն մասնիկներ, որոնք առաջանում են մթնոլորտի վերին շերտերում՝ տիեզերական ճառագայթների ազդեցությամբ։ Այս մասնիկներն ընդունակ են թափանցել խիտ քարի միջով, իսկ նյութի միջով անցած մասնիկների քանակի տարբերությունները տեղեկություն են տալիս կառույցի ներսում առկա խտության և դատարկությունների մասին։ Նման տվյալների վերլուծությամբ գիտնականները կկարողանան կազմել բուրգի ներքին կառուցվածքի եռաչափ քարտեզը՝ ներառյալ քարե խցիկները, միջանցքները կամ թաքնված այլ կառույցներ։

Նախկինում նույն մոտեցմամբ արդեն ուսումնասիրել են հնագույն այլ հուշարձաններ, ինչն ապացուցել է հնագիտության համար այս ոչ ինվազիվ մեթոդաբանության արդյունավետությունը։ Եթե ընթացիկ նախագիծը հաջողվի, դա նոր փուլ կդառնա ոչ միայն մայաների, այլև մյուս մշակույթների հնագույն ճարտարապետական հուշարձանների հետազոտման գործում, քանի որ մյուոգրաֆիան թույլ է տալիս ստանալ ներքին տարածությունների մանրամասն պատկերներ՝ առանց պեղումների և բուն օբյեկտին միջամտելու։

Ըստ նախագծի ղեկավարների, արդյունքները կարող են փոխել պատկերացումները Էլ Կաստիլյոյի կառուցվածքի ու նշանակության մասին և լույս սփռել մայաների քաղաքակրթության ժողովրդագրական, կրոնական ու ինժեներական ասպեկտների վրա։