Իսրայելը թույլ չի տա F-35 կործանիչների փոխանցումը Թուրքիային, քանի որ դրանց արտադրության մեջ օգտագործվում են իսրայելական տեխնոլոգիաներ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շարեն Հասկելը։
«Մենք լուրջ մտահոգություններ ունենք հնարավոր վաճառքի վերաբերյալ։ Այս ինքնաթիռներում կիրառվող տեխնոլոգիաների զգալի մասը մշակվել է Իսրայելում և բնականաբար, մենք չենք պատրաստվում կիսվել դրանցով», — ասել է Հասկելը հունական Kathimerini թերթին տված մեկնաբանության մեջ։
Պարբերականը հայտնում է նաև Իսրայելի իշխանությունների անհանգստության մասին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ, ով ավելի վաղ հայտնել էր, թե «շատ լուրջ է դիտարկում» Թուրքիային F-35-ներ վաճառելու գործարքի հնարավորությունը։ Հասկելն ընդգծել է, որ իսրայելական տեխնոլոգիաները նման համաձայնագրի մաս չեն կազմի «նույնիսկ այն դեպքում, եթե Անկարան ստանա այդ ինքնաթիռները»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ուսումնասիրում է Թուրքիային F-35-ների մատակարարման հարցը՝ միևնույն ժամանակ վստահություն հայտնելով, որ Անկարան չի օգտագործի այդ կործանիչները Իսրայելի դեմ։ Սեպտեմբերին նա նաև նշել էր, որ ԱՄՆ-ը կարող է թույլ տալ Թուրքիային ձեռք բերել F-35-ներ, եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «որևէ բան անի» ի շահ Ամերիկայի։


