Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 7-ին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ լայնածավալ պատերազմը կարող է ավարտվել 2026 թվականի առաջին կեսին։
ԵՄ-ում Կիպրոսի նախագահության մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում Զելենսկին նշել է, որ բանակցությունները մտնում են նոր փուլ՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և «Կամավորների կոալիցիայի» գործընկերների մասնակցությամբ։ Նա ընդգծել է Եվրամիության առանցքային դերը խաղաղության գործընթացում։
Զելենսկու հայտարարությունը հնչել է Փարիզում Ուկրաինայի, Եվրոպայի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բանակցությունների ֆոնին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնած «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովին մասնակցում են 35 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԵՄ ղեկավարներ և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Համատեղ հայտարարության նախագծի համաձայն՝ հետպատերազմյան անվտանգության երաշխիքները կարող են ներառել Եվրոպայի գլխավորած ուժերի տեղակայում Ուկրաինայում՝ ԱՄՆ աջակցությամբ, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից հրադադարի վերահսկում։


