ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որ Միացյալ Նահանգները պետք է տիրապետի Գրենլանդիային պաշտպանական նպատակներով, հակասում են արտասահմանում ամերիկյան բազաների օգտագործման վերաբերյալ ԱՄՆ-ի վաղեմի քաղաքականությանը, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով փորձագետներին և ԱՄՆ նախկին ռազմական պաշտոնյաներին։

Թրամփը նախկինում հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն չգրավի Գրենլանդիան, ապա դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը, ուստի ԱՄՆ-ն «դա թույլ չի տա»։


Ինչպես նշում է թերթը, ռազմական պաշտոնյաներն ու դիվանագետները պնդում են, որ ԱՄՆ-ը ստեղծել է արտասահմանյան ռազմաբազաների աշխարհի ամենահզոր համալիրը՝ առանց օտար տարածքների տիրապետելու։

«Թրամփի պնդումը, թե ԱՄՆ-ը պաշտպանության համար պետք է տիրապետի Գրենլանդիային, հակասում է ԱՄՆ-ի բազմամյա քաղաքականությանը և խարխլում է նրա ռազմական բազաների գլոբալ ցանցը»,- գրում է պարբերականը:

Ինչպես նշում է Wall Street Journal-ը, առնվազն 51 երկրում ԱՄՆ-ն օգտագործում է ավելի քան 128 արտասահմանյան բազա, ընդ որում՝ չտիրապետելով բուն տարածքին, այլ հենվելով ընդունող երկրների հետ երկկողմ համաձայնագրերի վրա:

«Մեզ պետք չէ «տիրապետել» տարածքին՝ բոլոր այն գործողություններն իրականացնելու համար, որոնք մենք կցանկանայինք իրագործել»,- թերթը մեջբերում է Եվրոպայում դաշինքի միացյալ զինված ուժերի նախկին գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի խոսքերը: