Սպիտակ տան ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն անցյալ շաբաթավերջին գաղտնի հանդիպել է Իրանի աքսորված նախկին թագաժառանգ Ռեզա Փահլավիի հետ՝ Իրանում մոլեգնող բողոքի ցույցերը քննարկելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ դա իրանական «ընդդիմության» և Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև առաջին բարձր մակարդակի հանդիպումն էր 15 օր առաջ սկսված բողոքի ցույցերից ի վեր։


1979 թվականի Իսլամական հեղափոխության ժամանակ Իրանի գահընկեց արված շահի որդին՝ Փահլավին, ԱՄՆ-ում աքսորված «ընդդիմադիր խմբակցության» ղեկավարն է։ Վերջին երկու շաբաթների ընթացքում Փահլավին հանդես է եկել ամերիկյան հեռուստաալիքներով՝ Թրամփի վարչակազմին կոչ անելով միջամտել հաջակցություն «բողոքի ցույցերին»։


Սպիտակ տան ազգային անվտանգության թիմը երեքշաբթի առավոտյան նիստ է անցկացրել՝ բողոքի ցույցերին արձագանքելու տարբերակները քննարկելու համար։ Թրամփը ներկա չի եղել։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ վարչակազմի քննարկումները համեմատաբար վաղ փուլում են։

«Մենք ներկա պահին դեռևս ռազմական որոշումների ընդունման փուլում չենք»,- ասել է պաշտոնյան՝ խոստովանելով, որ դժվար է կանխատեսել՝ ինչպիսին կլինի Թրամփի որոշումը։

Խնդրին անմիջականորեն տեղյակ աղբյուրի տվյալներով՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին օրերին փակ դռների հետևում անցկացված հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ վարչակազմն այժմ քննարկում է ոչ ավանդական արձագանքման միջոցառումներ՝ «ցուցարարներին օգնելու համար»։