Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և Հայաստանում առնվազն երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս մասին հուլիսի 14-ին Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նշել է, որ այն քաղաքացիները, ովքեր Շանհայի վարկանիշային աղյուսակի լավագույն հնգյակում ընդգրկված համալսարաններում բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերն ավարտելուց հետո առնվազն երեք տարի կաշխատեն Հայաստանի Հանրապետությունում՝ Կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով, կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։
Այս օրենսդրական փոփոխությունից հետո համապատասխան ենթաօրենսդրական ակտերով կսահմանվի, որ նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումն ավարտած քաղաքացիները պարտավոր կլինեն վերադառնալ Հայաստանի Հանրապետություն՝ սահմանված կարգով աշխատանքի անցնելու համար։
Անդրեասյանը նաև հստակեցրել է, որ 2018 թվականից ի վեր Շանհայի վարկանիշային աղյուսակում ընդգրկված համալսարաններում սովորելու համար տարկետում է ստացել արդեն 650 հոգի, որոնցից 570-ը շարունակում են իրենց ուսումը՝ օգտվելով տարկետման իրավունքից։
Ըստ նրա՝ փոփոխությունների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդեն տարկետում ստացած քաղաքացիների վերադարձի ապահովմամբ և նրանց հնարավորություն ընձեռելով՝ իրենց գիտելիքներն օգտագործել Հայաստանի Հանրապետությունում։
Որոշ քննարկումներից հետո տվյալ օրենսդրական նախաձեռնությունները ստացել են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի դրական արձագանքը։


