Հորմոզգան նահանգում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպության ուժերը ձերբակալել են վերջին օրերի անկարգությունների առաջնորդներին և հիմնական մասնակիցներին, հաղորդում է Tasnim-ը։

Իրանական կողմի տվյալներով՝ գործողությունն իրականացվել է հետախուզական անընդհատ մոնիթորինգի, տեղում օպերատիվ վերահսկողության և անվտանգության ուժերի ժամանակին ձեռնարկված գործողությունների հիման վրա։ Ենթադրվում է, որ ձերբակալվածները գործել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունների ղեկավարությամբ և աջակցությամբ։


Ըստ ԻՀՊԿ հայտարարության՝ այս անձինք մասնակցել են հրկիզմանը, կրոնական վայրերի, մասնավորապես՝ մզկիթների ոչնչացմանը, հանրային և մասնավոր սեփականության վնասմանը, հասարակական կարգի խախտմանը, բնակչության շրջանում վախի մթնոլորտի ստեղծմանը, ինչպես նաև ռազմական և իրավապահ մարմինների օբյեկտների վրա հարձակումներին։

Նրանք նաև մեղադրվում են Պարսից ծոցի տարածաշրջանում և Քիշ կղզում պետական ​​ռադիոյի և հեռուստատեսության շենքերի վրա հարձակման և վնասման մեջ։

Ձերբակալությունների ժամանակ կասկածյալներից առգրավվել են տարբեր տեսակի սառը զենք, հրազեն և այլ անօրինական իրեր, որոնք, ենթադրաբար, օգտագործվել են ուժ ցուցադրելու և անօրինական գործողություններ կատարելու համար։