Ամերիկացի պաշտոնյաները Մոսկվա էին ժամանել՝ անձամբ տեղեկացնելու Ռուսաստանի իշխանություններին Կիևի և եվրոպական երկրների հետ Վինգտոնի շփումների մասին, հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։

Պոլիշչուկը հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ շարունակվելու են տարբեր մակարդակներում։ «Այսպիսով, բանակցային իրավիճակը բավականին դինամիկ վիճակում է»,— նշել է նա «РИА Новости»-ին տված հարցազրույցում։


Ըստ ԱԳՆ երկրորդ վարչության տնօրենի, ռուսաստանյան կողմը նման շփումների ընթացքում հիմնվում է «Ռուսաստանի նախագահի կողմից 2024 թվականի հունիսին նշված հայտնի սկզբունքային դիրքորոշումների» և «Ալյասկայում 2025 թվականի օգոստոսին ձեռք բերված փոխզիջումային փոխըմբռնումների» վրա։

Հունվարի 22-ին Մոսկվայում տեղի են ունեցել բանակցություններ՝ ռուսաստանյան կողմից Վլադիմիր Պուտինի, Յուրի Ուշակովի և Կիրիլ Դմիտրիևի, իսկ ամերիկյան կողմից՝ Սթիվ Ուիթքոֆի, Ջարեդ Քուշների և Ջոշ Գրյունբաումի մասնակցությամբ։ Հունվարի 23-ին կայացել է անվտանգության հարցերով եռակողմ բանակցային խմբի առաջին նիստը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ։ NBC News-ի տեղեկություններով՝ կողմերը քննարկումները շարունակելու են հունվարի 24-ին։