Երբ Հակարիի կամրջին են հասել և քաղաքացիները հասկացել են, որ իրենց Հայաստան են տեղափոխում, Միշան ասել է՝ չեմ ուզում գնալ Հայաստան, ինձ այնտեղ սպանելու են։ Նա խնդրել է ադրբեջանցիներին, որ իրեն թողնեն Արցախում։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին,  ասաց արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ կարճ զրույց է ունեցել օրերս Արցախից Հայաստան տեղափոխված իր հարազատի հետ, վերջինն էլ նրան պատմել է տեղափոխման մանրամասները։


«Ադրբեջանցիներն ասել են՝ եթե մնաս, մենք ենք սպանելու, ասել է՝ ոչինչ, Հայաստան չեմ ուզում գնալ։ Նրան մեքենան են նստացրել ու հետ տարել։ Այլ տեղեկություն չունենք նրա մասին»,–ասաց Տիգրան Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ Միշա Գրիգորյանը կեղծ ցուցմունքներ է տվել Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների դեմ։


Տիգրան Պետրոսյանի խոսքով, նախքան Հակարիի կամրջին հասնելը քաղաքացիները չգիտեին, որ Հայաստան են տեղափոխվում, նրանց այդ մասին ոչինչ չէին ասել։

«Անգամ մեքենայի մեջ խոսակցություն են ունեցել հայերը, մտածել են, թե իրենց տանում են սպանելու։ Հակարիի կամրջի մոտ են միայն հասկացել, որ Հայաստան են գալիս։ Արցախում վերջին 4 ամիսներին նրանք գերիի կարգավիճակով էին ապրում։ Բոլորին հավաքել էին «Դղյակ» հյուրանոցում և թույլ չէին տալիս ազատ տեղաշարժվել»,–պատմեց Տիգրան Պետրոսյանը։

Նա նաև նշեց, որ իր հարազատը բժշկական հետազոտություն է անցել և արդեն հարազատների տանն է, մյուսների գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չունի։

Նախօրեին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am–ին հայտնել են․ «Նրանք գտնվում են պետական հոգեծության ներքո, անցնում են անհրաժեշտ բուժզննումները և հոգեբանական աջակցությունները։ Միայնակ ապրող և հարազատ չունեցող մարդիկ կգտնվեն պետության աջակցության ներքո այնքան ժամանակ, մինչև բնակարան ձեռք բերեն տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում»։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Արցախում մնացած 11 քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան։