Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցները պնդում են կանխել Թեհրանի վրա ռազմական հարվածը, որը կարող է տարածաշրջանը ներքաշել ավելի լայն հակամարտության մեջ, հաղորդում է The New York Times-ը։

Տարածաշրջանում ամերիկացի դաշնակիցները շաբաթներ շարունակ փորձում են թուլացնել լարվածությունը, այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ սպառնաց ռազմական միջամտությամբ՝ ի պատասխան Իրանում բողոքի ցույցերի ճնշման։


Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատիի գրասենյակը հայտնել է, որ նա առանձին զրույցներ է ունեցել իր իրանցի և ամերիկացի գործընկերների՝ Աբբաս Արաղչիի և Սթիվ Վիտկոֆի հետ՝ կոչ անելով թուլացնել լարվածությունը։

Ավելին, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ և կոչ է արել «կարգավորել վեճերը երկխոսության միջոցով՝ այնպես, որ նպաստի տարածաշրջանում անվտանգությանը և կայունությանը»։

Իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ ցանկացած հարձակում կհանգեցնի Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական բազաներ տեղակայող ԱՄՆ դաշնակիցների դեմ պատասխան գործողությունների, ինչը մտահոգություններ է առաջացրել այնպիսի երկրների շրջանում, ինչպիսիք են Կատարը, Միացյալ Արաբական Էմիրությունները և Սաուդյան Արաբիան, խոշոր հակամարտության հնարավոր հետևանքների վերաբերյալ։

Վերլուծաբանները կարծում են, որ Սպիտակ տունը, հավանաբար, կփորձի զգալի զիջումներ ստանալ Իրանից, այդ թվում՝ ուրանի հարստացման դադարեցում և բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակումներ: Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք Իրանը պատրաստ կլինի քննարկել այս պահանջները: