Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի հարցով եռակողմ գագաթաժողով է առաջարկել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին։ Այսպիսի տեղեկությամբ հանդես է եկել թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։

Թերթի տվյալներով՝ Էրդողանն առաջարկի մասին հայտնել է հունվարի 27-ին՝ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Թուրքիայի առաջնորդը կոչ է արել ԱՄՆ-ի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ գագաթաժողով անցկացնել, հնարավոր է՝ տեսակոնֆերանսի միջոցով։ «Ըստ տեղեկությունների՝ Թրամփը դրական է վերաբերվում Էրդողանի առաջարկին»,- գրել է թերթի մեկնաբան Հանդե Ֆըրաթը։


Hürriyet»-ը նաեւ հաղորդել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին այս շաբաթ կայցելի Թուրքիա՝ իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններ վարելու համար, չնայած կոնկրետ ամսաթվեր չեն հայտարարվել։

Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել հունվարի 28-ին՝ քննարկելով Իրանի շուրջ վերջին զարգացումները եւ տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը։ Անկարան ակնկալում է, որ Իրանի շուրջ իրավիճակը կլուծվի դիվանագիտական ​​ճանապարհով։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան TRT Haber-ի եթերում հայտնել է Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։ Նա նշել է, որ թուրքական կողմը կարծում է, որ արտաքին միջամտությունը Իրանի գործերին դրական արդյունքներ չի տա։

Դեկտեմբերի 29-ին Իրանում անկարգություններ սկսվեցին ռիալի կտրուկ անկման պատճառով սկսված փողոցային բողոքի ցույցերից հետո, որոնք տարածվեցին խոշոր քաղաքների մեծ մասում։ Հունվարի 8-ից, ըստ Արաղչիի, ցուցարարների շարքերում հայտնվել են զինված ահաբեկիչներ։ Թեհրանը անկարգությունների համար մեղադրել է Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին։