«Մամուլում մշտապես նման կերպ են ձևակերպում՝ «նախկինները գնան, մյուսների համար պայծառ ապագա կստեղծվի»։ ԻՆձ մոտ հարց է առաջանում՝ ինչու՞ են նույնացնում նախկիններին»։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Նախկին երեք նախագահներս՝ ես, Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր–Պետրոսյանը, բնավորությամբ լրիվ տարբեր ենք։ Հայացքներով, աշխատանքի ոճով և մեր աշխատած տարիների արդյունավետությամբ ևս լրիվ տարբեր ենք։ Մենք նման ենք միայն այն տեսանկյունից, որ բոլորիս աշխատանքային գրքույկում գրած է, որ նախագահ ենք եղել։ Եթե այն հանամանքը, որ նախագահ ենք եղել, բավարար է, որ այսպես փաթեթային ասեն՝ դու չպետք է մասնակցեք ընտրություններին․․․։ Եթե այդպես է՝ բոլոր նախարարները չպետք է մասնակցեն, որովհետև նախարար են եղել, պատգամավորները չպետք է մասնակցեն, որովհետև պատգամավոր են եղել, մարդու իրավունքների պաշտպանները չպետք է մասնակցեն, որովհետև մարդու իրավունքների պաշտպան են եղել և այդպես շարունակ։ Դա նորմա՞լ է, իհարկե նորմալ չէ»,–նշեց ՀՀ 2-րդ նախագահը ։

Քոչարյանը նշեց, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ ընտրություններին մասնակցել, թե ոչ, կամ ինչ ձևաչափով մասնակցել։

Լրագրողի դիտարկմանը, որ Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներին մեղադրում է թալանի մեջ, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․

«Հետաքրքիրն այն է, որ Փաշինյանն իշխանության է եկել կարգախոսով, որ ժողովրդին սիրում է, հետով պարզվեց, որ փողն է սիրում։ Եթե ժողովրդին սիրեր, թոշակառուների վիճակն այսպիսին չէր լինի»։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչը՞ կարող է պատճառ հանդիսանալ, որ Ռոբերտ Քոչարյանը որոշի հեռանալ քաղաքականությունից, պատասխանեց․

«2008 թվականին ես որևէ պետական պաշտոն չզբաղեցրի, թողի, հեռացա։ Կյանքիս ամենաերջանիկ տարիները եղել են 2008-2018 թվականները․ ազատ մարդ էի։ Աշխատել եմ մի հսկայական ընկերությունում, մեծ գումար եմ վաստակել և պատասխանատվություն չեմ կրել ամեն ինչի համար։ Սա հաճույք էր մի մարդու համար, որը 1998 թվականից մինչև 2008 թվական միշտ ծանր փորձությունների միջով էր անցնում, ճգնաժամային իրավիճակներում իր վրա պատասխանատվություն էր ստանձնում։ Հիմա նույնպես ճգնաժամային իրավիճակ է, և պատասխանտվություն ստանձնելու կամ խուսափելու ընտրության առջև ես կանգնած։ Ես համարում եմ, որ ինձնից լավ ոչ ոք չի կարող երկիրն այս վիճակից հանել։ Եթե մեկի անունը տաք, ով ավելի մեծ փորձ ունի բոլոր ուղղություններով, շատ բարի։ Երբ ներկայացնենք մեր մասնակցության ձևաչափը, ավելի մանրամասն կխոսենք։ Դեռ վերջնական որոշումը չկա։ Մի փոքր առաջ ընկա»։