Կանադայի և Դանիայի վարչապետներ Մարկ Քարնին և Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել են, որ Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ ցանկացած որոշում պետք է ընդունեն բացառապես նրա բնակիչներն ու Դանիայի ժողովուրդը։ Ըստ Կանադայի կառավարության մամուլի ծառայության՝ նրանք նման հայտարարություն են արել հեռախոսազրույցից հետո, հաղորդում է ТАСС-ը:

«Վարչապետ Քարնին և վարչապետ Ֆրեդերիկսենը վերահաստատել են իրենց աջակցությունն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքներին և վերահաստատել, որ Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ որոշումները պետք է ընդունեն միայն Գրենլանդիան և Դանիան»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Բացի դրանից, երկու կողմերը քննարկել են Արկտիկայում անվտանգության ամրապնդումը, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցությունը։ Քարնին միաժամանակ անդրադարձել է Բալթյան և Սկանդինավյան երկրների հետ գործընկերության ընդլայնմանը։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ը և Եվրոպան բարենպաստ համաձայնագրի կհասնեն։ Թրամփն ավելի վաղ բազմիցս հայտարարել է կղզին բռնակցելու գաղափարի մասին, դրանց թվում՝ առաջարկելով այն գնել կամ նույնիսկ բռնակցել։

Գրենլանդիան Դանիայի կազմում գտնվող ինքնավար տարածք է։ 1951 թվականին ԱՄՆ-ը և Դանիան Գրենլանդիայի պաշտպանության պայմանագիրը ստորագրեցին, ըստ որի Վաշինգտոնը պարտավորվել էր պաշտպանել կղզին արտաքին սպառնալիքներից։