Հայ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ կրակն ունի հետևյալ խորհուրդները. «Խարույկի հուրը բորբոքելով` Աստծո սիրո հուրն ենք խնդրում: Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ քրիստոնյաներս կրակը ծառայեցնում ենք Աստծուն: Ինչպես եբրայեցի մանուկները ծառի ոստերը ընծայեցին Քրիստոսին, այնպես էլ մենք կրակն ենք ընծայում:


Երկրորդ գալստյան ժամանակ հուրը պիտի գնա Տիրոջ առջևից, որպեսզի լուսավորի սրբերին և բարեպաշտներին, իսկ չարերին ու անհավատներին սատանայի հետ հավիտենական հրի դատապարտի»:


Վառվող մոմերը տուն տանելը և Եկեղեցու բակում վառվող խարույկն ըստ էության որևէ կապ չունեն մեր հեռավոր հեթանոս նախնիների կրակի պաշտամունքի հետ:

Ժողովրդի մոտ ձևավորված այն հակասությունը, թե ե՞րբ է հարկավոր նշել Տեառնընդառաջը, բացատրվում է հետևյալ կերպ. փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է։ Այսինքն, Տեառնընդառաջի կրակը վառում են փետրվարի 14-ին՝ ըստ եկեղեցական օրացույցի, թեև աշխարհիկ օրացույցով դեռ 13-ն է։ Փետրվարի 13-ին կատարվում է նախատոնակ, իսկ արդեն փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Ս. Պատարագ։