Իշխանությունները դիմում են ապօրինի քայլերի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի արժեքի կտրուկ նվազեցմանը հասնելու և համապատասխան առաջարկով հանդես գալու համար, սակայն ընկերության սեփականատերը (Սամվել Կարապետյան – խմբ.) կմերժի նման առաջարկը և գործընթացը կգնա ՓԲԸ-ն գերակա հանրային շահ ճանաչելու ճանապարհով։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը։


Նա հիշեցրել է, որ իշխանությունները մեղադրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 3 միլիոն մարդու գրպանը մտնելու մեջ, սակայն այդ մասով որևէ գործընթաց չկա։ Նրա գնահատմամբ՝ իշխանություններն ավանդաբար անում են որոշակի հայտարարություններ՝ տարբեր կողմերի արձագանքը շոշափելու համար։


Ղազինյանն ամբողջ գործընթացը կապել է քաղաքական բաղադրիչի հետ: Նրա խոսքով՝ որքան իշխանությունները չեն հասնում Կարապետյանի նկատմամբ իրենց նպատակներին, այնքան ավելի են ակտիվացնում իրենց գործողությունները: «Մենք դրան պատրաստ ենք: Նրանք մշտապես ճնշում են գործադրում և ասում էին, թե Կարապետյանը հինգ օր էլ չի դիմանա քրեակատարողական հիմնարկում, բայց նա և՛ հինգ օր, և՛ հինգ ամիս դիմացավ, բայց այդպես էլ ոչ մեկի հետ գործքրի չգնաց», - ընդգծել է Ղազինյանը:

Ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացում Դավիթ Ղազինյանը որպես ամենամեծ խնդիր նշել է գնահատման գործընթացը։ «Մենք առաջարկել ենք ընտրել միջազգային անկախ չորս գնահատողներից մեկին, որի վրա հնարավոր չէ ճնշում գործադրել։ Իրադարձությունների նման զարգացում և գումարած 15%: Այդպես է նախատեսված օրենքով», - ընդգծել է Ղազինյանը:

Նա հստակեցրեց, որ ընկերությունը գերակա հանրային շահ ճանաչելու դեպքում սեփականատիրոջ համաձայնությունը չի պահանջվում. կիրականացվի վաճառք, որի արդյունքները, սակայն, կարող են բողոքարկվել։ Նախկին տնօրենը պարզաբանել է, որ փետրվարի 21-ին լրանում է եռամսյա ժամկետը, որի շրջանակներում իշխանությունները պետք է հանդես գան ընկերության արժեքի վերաբերյալ առաջարկով, իսկ մերժման դեպքում կսկսվի գերակա հանրային շահ ճանաչելու գործընթացը։