Ռուսաստանի համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող օտարերկրյա քաղաքացիները ապրիլից սկսած կկարողանան կապ հաստատել Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության հետ՝ Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվելու վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը օգնություն կցուցաբերի երկիր տեղափոխվող օտարերկրյա քաղաքացիներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այդ աշխատանքը մենք արդեն սկսել ենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր կիսում են ռուսական ավանդական արժեքները, մեր մշակույթն ու սովորույթները: Իսկ արդեն ընթացիկ տարվա ապրիլից այն մասնագետները, ովքեր մեր երկրի համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում, կկարողանան աջակցության համար դիմել հատուկ լիազորված կազմակերպություն: Դրա հիմնադիրը և օպերատորը նույնպես կդառնա Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը», - ասել է Պուտինը:
Նա նշել է, որ խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր տիրապետում են պահանջված մասնագիտությունների ու գիտելիքների, ընդունակ են նշանակալի ավանդ ներդնել հայրենական տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև ձեռքբերումներ ունեն սպորտի, ստեղծարար ինդուստրիաների, մշակութային-հումանիտար ոլորտներում և գիտատեխնոլոգիական զարգացման բնագավառում:


