Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Միացյալ Նահանգները «ավտոմատ կերպով» երկարաձգել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հետ լայնածավալ պատերազմի պատճառով կիրառվող պատժամիջոցները։ Մոսկվան այս պատերազմը մղում է չորս տարի՝ 2022թ․ փետրվարի 24-ից։
Երեկ հայտարարվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւս մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները. այս մասին ծանուցումը գրանցվել է դաշնային գրանցամատյանում։
Ռուսաստանի դեմ մասշտաբային պատժամիջոցները սահմանվել են 2022թ․ փետրվարին՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից կարճ ժամանակ անց, Թրամփի նախորդի՝ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի որոշմամբ։ Առաջին նման պատժամիջոցները սկսվել են 2014թ․՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայից հետո, այդ ժամանակ ԱՄՆ նախագահն էր մեկ այլ դեմոկրատ՝ Բարաք Օբաման։


