Հայտնի «24 ժամը», որի ընթացքում Դոնալդ Թրամփը խոստացավ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, շարունակվում է գրեթե 400 օր։ Իր պաշտոնավարման 13 ամիսների ընթացքում նախագահը կարողացել է կազմակերպել մի քանի հանդիպումներ Ուկրաինայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների միջեւ։ Սակայն նույնիսկ այս տարի կայացած վերջին երեք փուլերը (երկուսը Աբու Դաբիում եւ մեկը՝ Ժնեւում այս շաբաթ) չեն կարողացել պատերազմող կողմերին մոտեցնել խաղաղության համաձայնագրին։ Ամերիկացի պաշտոնյաները The Wall Street Journal-ին ասել են, որ Թրամփն այժմ ավելի շատ հետաքրքրված է Իրանի հետ համաձայնագրով եւ Գազայի վերակառուցմամբ։
Նրանց խոսքով՝ Թրամփը ճնշում չի գործադրում Վլադիմիր Պուտինի կամ Վլադիմիր Զելենսկու վրա՝ համաձայնության գալու համար։ Ավելի վաղ նա բազմիցս հանդիմանել կամ նույնիսկ մեղադրել է Ուկրաինային անզիջողականության մեջ եւ աշնանը նավթային պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, ստիպել է Հնդկաստանին կրճատել հումքի գնումները եւ սկսել է լցանավեր որսալ ստվերային նավատորմից։ Սակայն այժմ Թրամփի վարչակազմը աստիճանաբար կորցնում է հետաքրքրությունը Ուկրաինայում խաղաղության գործընթացի նկատմամբ՝ ավելի շատ ժամանակ նվիրելով այլ աշխարհաքաղաքական հարցերի, հայտնել են WSJ-ի աղբյուրները։
Թրամփի հիմնական հետաքրքրությունը ներկայում կենտրոնացած է Իրանի վրա։ Իրանին ուրանի հարստացումից կամ նույնիսկ իր բալիստիկ հրթիռների ծրագրից հրաժարվելու համար Թրամփը հավաքել է Մերձավոր Արեւելքում ամենամեծ ռազմաօդային ուժերը 2003 թվականից ի վեր, երբ ԱՄՆ-ը պատրաստվում էր ներխուժել Իրաք։ Իրանին հասցվելիք հարվածը (եթե հաջող լինի) կարող է թույլ տալ Թրամփին հաղթանակ պարգեւել ընտրողներին նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։


