«Անվտանգության խորհրդի նիստում, ի շարս այլ հարցերի, Սերժ Սարգսյանը տեղյակ է պահել, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Պատճառներից առաջինը տարիքն է, նա արդեն 70-ն անց է։ Չնայած վաղուց խոսակցություններ կան, որ Լոնդիկը մի քիչ «հետ է տվել իր տարիքը» փաստաթղթերով, իրականում նա վաղուց է շեմել 70-ը։ Մարզպետաթողության հաջորդ պատճառը դիզվառելիքի հայտնի պատմությունն է։ Իսկ երրորդ, ըստ մեր աղբյուրների պատճառն այն է, որ նպատակ կա մարզը նախկին «տիրապետողների» ազդեցության դաշտից հանելու։ Երեկ, սակայն, Բարսեղյանը մեզ հետ հեռախոսազրույցում հորդորեց իրեն նման հարցեր չտալ։ Արդեն հայտնի է նաև հաջորդ մարզպետի անունը՝ Արամայիս Գրիգորյան, ով Վահան Հովհաննիսյանի փոխարեն պետք է համալրեր ՀՅԴ պատգամավորների շարքերը։
Հիշեցնենք, որ նա 2007թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով, իսկ 2008-ին նշանակվել է գյուղատնտեսության նախարար՝ ՀՅԴ-ի կոալիցիոն քվոտայով։ 2009թ. մայիսի 12-ին Դաշնակցության՝ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ազատվել է նախարարի պաշտոնից։ Գրիգորյանն Ավշարի գինու գործարանի սեփականատերերից է, սակայն, ինչպես ընդունված է նման դեպքերում, երեկ նա եռանդուն հերքում էր իր նշանակման լուրը՝ նշելով. «Կառաջարկեն՝ կորոշեմ»։ Իսկ ՀՅԴ-ի հետ մտերմությունը չի՞ խանգարի ՀՀԿ-ի առաջարկն ընդունելուն։ «Ինչ կապ ունի՝ ես պատգամավոր եմ դարձել, ես անկուսակցական եմ, կլինեն առաջարկություններ՝ ես դրանց մասին կմտածեմ, որոշում կկայացնեմ և կպատասխանեմ, հիմա իմ տեղում նստած աշխատում եմ»,– ասաց Գրիգորյանը։ Ա. Գրիգորյանի մարզպետ դառնալու հեռանկարն առանձնապես չի ոգևորել Հովիկ Աբրահամյանին. նա ցանկանում էր այդ պաշտոնում նշանակել տալ իր մեծ եղբայր Հենրիկի որդուն՝ ոստիկանության պետ Արսեն Աբրահամյանին»,–գրում Հրապարակ է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: