Ինչպես արդեն հայտնի է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից շաբաթ օրը իրականացված հարվածների հետևանքով զոհվել են Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի գերագույն առաջնորդը, պաշտպանության նախարարը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարը։

Իրանի պետական Islamic Republic News Agency-ն (IRNA) ավելի վաղ հաստատել էր 86-ամյա գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի մահը։ Հաղորդվում է, որ հարվածների հետևանքով զոհվել են նաև նրա ընտանիքի մի քանի անդամներ։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Խամենեիի սպանությունը բնութագրել է որպես «բաց պատերազմական հայտարարություն մուսուլմանների, մասնավորապես՝ շիաների դեմ»։

Պետական լրատվամիջոցները հաստատել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու մասին տեղեկությունները։

Ալի Շամխանին

Ալի Շամխանին Իրանի Պաշտպանության խորհրդի քարտուղարն էր և Խամենեիի մերձավոր խորհրդականը։ Նա նախկինում ղեկավարել էր նաև Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը։ Շամխանին ներգրավված էր ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։ 2025 թվականի հունիսին իսրայելական հարվածի ժամանակ նա ծանր վիրավորվել էր, սակայն այդ ժամանակ ողջ էր մնացել։

Աբդոլրահիմ Մուսավի

Մուսավին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր։ Նախկինում նա ղեկավարել էր Իրանի բանակը (2017–2025 թթ.)։ Արևմտյան երկրները նրան մեղադրում էին բալիստիկ հրթիռների և անօդաչու համակարգերի զարգացման գործում ներգրավված լինելու համար։ 2023 թվականին ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ նրա նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառել։

Ազիզ Նասիրզադեհ

Նասիրզադեհը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը Փեզեշքիանի կառավարությունում։ Նա նախկինում եղել էր ռազմաօդային ուժերի հրամանատար և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Վերջին ամիսներին նա հայտարարել էր, որ Իրանը կթիրախավորի տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաները, եթե ԱՄՆ-ը հարվածի առաջինը։

Մոհամմադ Փաքփուր

Փաքփուրը 2025 թվականի հունիսից մինչև մահը զբաղեցնում էր ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի պաշտոնը։ Նա երկար տարիներ ղեկավարել էր ԻՀՊԿ ցամաքային ուժերը և համարվում էր կորպուսի ազդեցիկ ռազմական գործիչներից մեկը։

Ովքեր կարող են փոխարինել զոհված պաշտոնյաներին

Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ երկրի ղեկավարումը ժամանակավորապես կստանձնի երեք անդամից բաղկացած խորհուրդը՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Գերագույն դատարանի ղեկավար Ղոլամ-Հոսեյն Մոհսենի Էջեիի և Պահապանների խորհրդի իրավաբաններից մեկի մասնակցությամբ։


Պահապանների խորհրդի անդամ Ալիռեզա Արաֆին նշանակվել է ղեկավարող խորհրդի կազմում, որը կկատարի գերագույն առաջնորդի լիազորությունները մինչև Փորձագետների ժողովը նոր առաջնորդ ընտրի։

Վերլուծաբանների կարծիքով՝ կարևոր դեր կարող են ստանձնել նաև անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ալի Լարիջանին։ ԻՀՊԿ-ին մոտ կանգնած աղբյուրները որպես հավանական թեկնածու նշում են նաև կորպուսի փոխհրամանատար Ահմադ Վահիդիին։