ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 5–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020–ի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի վերջնաժամկետի երկարաձգման վերաբերյալ» նամակ-համաձայնագրին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Մեղրիի սահմանային անցակետի ծրագրի» շրջանակներում ներգրավված ՎԶԵԲ վարկային (10 626 263 եվրո) և ԵՄ ներդրումային դրամաշնորհային (10 520 000 եվրո) միջոցներն ուղղված են Մեղրի համայնքում միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր սահմանային անցակետի կառուցման ֆինանսավորմանը: Համաձայնագրերով ՀՀ կառավարությունը պարտավորություն է ստանձնել համաֆինանսավորել ԱԱՀ-ի գծով ծախսերը (շուրջ 2.1 մլն եվրո):
«Covid-19»-ով և 44–օրյա պատերազմով պայմանավորված այս ծրագրի ժամկետները հետաձգվել են։
Շինարարական աշխատանքների կազմակերպման նպատակով 2023 թվականի հունվարի 27-ին «TANA ENERGY MANAGEMENT» կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր: Պայմանագրի համաձայն աշխատանքները պետք է իրականացվեին 920 օրվա ընթացքում: Սակայն հետագայում առաջացած մի շարք խնդիրներով պայմանավորված սահմանվել է նոր ժամկետ` 980 օր, իսկ շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին:
2023 թվականի մայիսի 5-ին պայմանագիր է կնքվել նաև «Roughton International Limited» կազմակերպության (ինժեներ) հետ՝ շինարարական աշխատանքների գծով վերահսկողություն իրականացնելու նպատակով:
Ներկայումս վերոնշյալ երկու կազմակերպությունները շարունակում են պայմանագրով սահմանված աշխատանքների կատարումն ու ծառայությունների մատուցումը: Այնուամենայնիվ, Ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած օբյեկտիվ և տեխնիկական հանգամանքները, մասնավորապես՝ մաքսային մարմինների և ԱԱԾ գործառութային փոփոխությունները, էականորեն ազդել են շինարարության տեմպերի վրա և առաջացրել նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արձանագրվել են ժամկետային շեղումներ, ինչի հիման վրա կապալառուն ներկայացրել է նոր աշխատանքային գրաֆիկ՝ շինարարության ավարտը նախատեսելով մինչև 2026թ. դեկտեմբերի վերջը:
Դրամաշնորհային համաձայնագրի «2.02. Մասհանումներ» բաժնի համաձայն դրամաշնորհային միջոցների հասանելիության համար վերջնաժամկետ սահմանվել էր 2024 թվականի հունվարի 31-ը, որը հետագայում երկարաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 31-ը:


