Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը նախորդ տարվա ընթացքում զգալիորեն կրճատել է այն ստորաբաժանումների աշխատակիցների թիվը, որոնք պետք է հետաքննեին իրանական Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցին հասցված հարվածի հանգամանքները։ Այս մասին մարտի 10-ին հայտնել է Politico պարբերականը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրներին։
Ըստ նրանց տվյալների՝ Պենտագոնի այն վարչության անձնակազմը, որը պատասխանատու է ռազմական գործողությունների պայմաններում խաղաղ բնակչության պաշտպանության մեթոդների մշակման, վերլուծության և կիրառման համար, և որը նախկինում ուներ շուրջ 200 աշխատակից, կրճատվել է 90%-ով։ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) համանման կառույցում 10 աշխատակիցներից մնացել է միայն 1-ը։
Ինչպես նշում է պարբերականը, հիշյալ ստորաբաժանումները «պետք է հետաքննեին Իրանում աղջիկների դպրոցին հասցված վերջին հարվածի հանգամանքները»։ Politico-ի գնահատմամբ՝ այս կառույցներում իրականացված կրճատումները «զգալիորեն նվազեցրել են խաղաղ բնակչության պաշտպանության հարցում ԱՄՆ-ի կարողությունները՝ վերջին տասնամյակների ամենախոշոր օդային արշավի պայմաններում»։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի իշխանությունները հայտարարեցին երկրի հարավում գտնվող Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածի մասին։ Իրանական կողմի տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 165-ի՝ նրանց մեծ մասը դպրոցականներ են, ինչպես նաև ծնողներ և ուսուցիչներ։ Եվս 95 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։


