Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ քիչ հավանական է, որ Իրանի իշխանությունն առաջիկայում տապալվի, քանի որ թուլացած, բայց դեռեւս վերահսկողության տակ է պահում իրադրությունը, տեղում պայմանները դեռեւս չեն հասունացել ժողովրդական ապստամբության համար, հաղորդել է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։


Պատերազմի սկսվելուց գրեթե երկու շաբաթ անց Իրանի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը, կարծես, գործունակ է եւ արձագանքում է իրադարձություններին, մինչդեռ ռեժիմի ներքին հակառակորդները ճնշվել են անվտանգության ուժեղացված ներկայությամբ։ Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ այս իրավիճակի վերացման համար, հավանաբար, կպահանջվեն ավելի երկարատեւ մարտեր, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի օրը հայտնել է, որ վստահ չէ, թե արդյոք իրանցիները կկարողանան տապալել իսլամական հանրապետությունը, չնայած նշել է, որ Իսրայելն աշխատում է ստեղծել պայմաններ, որոնք կարող են նպաստել դրան։


Հինգշաբթի Իսրայելի բանակն իր գործողությունների համար ավելի սահմանափակ նպատակներ է ուրվագծել՝ կենտրոնանալով Իրանի ռազմական կարողությունների թուլացման վրա, որպեսզի ռեժիմն այլեւս չկարողանա այդքան լուրջ սպառնալիք ներկայացնել Իսրայելի եւ տարածաշրջանի համար: «Մեր՝ որպես զինվորականների, խնդիրն է, որ երբ մենք սպառնալիք ենք տեսնում, այն նվազագույնի հասցնենք եւ հնարավորինս հեռու եւ երկար հետ մղենք»,- հինգշաբթի լրագրողներին ասել է Իսրայելի բանակի ներկայացուցիչ Նադավ Շոշանին: «Դրանից հետո կան հետագա քայլեր տարբեր մակարդակներում, որոնք դուրս են գալիս Իսրայելի պաշտպանության բանակի սահմաններից»,- ավելացրել է նա՝ նկատի ունենալով Իսրայելի Զինված ուժերին:

Իրավիճակին ծանոթ մարդկանց խոսքով՝ ԱՄՆ-ը եւ Իսրայելը, հավանաբար, կշարունակեն ռեժիմը թուլացնելու փորձերը տնտեսական ճնշման եւ գաղտնի գործողությունների միջոցով՝ նույնիսկ ռազմական գործողությունների հնարավոր դադարեցումից հետո:

Միեւնույն ժամանակ, Իրանը մինչ այժմ ցուցաբերել է դիմադրողականություն եւ շարունակում է հակահարված տալ, ինչը հանգեցնում է ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների եւ համաշխարհային տնտեսության համար կորուստների աճի:

Իսրայելի պաշտպանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, կառավարությանը մոտ կանգնած Ամիր Ավիվին հայտնել է, որ եւս մի քանի շաբաթ տեւելու դեպքում ռազմական ճնշումը կարող է ճանապարհ հարթել ապստամբության համար, սակայն արդյունքը դժվար է կանխատեսել։ «Որոշումը կայացվել է այնպիսի պայմաններ ստեղծելու համար, որոնց դեպքում մարդիկ կարող են փողոց դուրս գալ»,- ասել է նա։ «Բայց մենք դեռ այդ փուլում չենք»։

Ռեժիմի փոփոխության համար պայմաններ ստեղծելը ռազմական արշավի միջոցով միշտ էլ չափազանց դժվար խնդիր է եղել, նշել է Իսրայելի բանակի ռազմավարական պլանավորման նախկին ղեկավար Ասաֆ Օրիոնը։

«Այստեղ որեւէ պատրաստի բաղադրատոմս չկա։ Սա մեխանիկական ինժեներիա չէ»,- ասել է նա։

«Պատերազմը պլանավորվում է շաբաթներով, մինչդեռ նման գործընթացները կարող են տարիներ տեւել»։

Չնայած Նեթանյահուի հրապարակային հայտարարություններին՝ Իսրայելի անվտանգության ծառայություններն ավելի վաղ նշել են, որ իրանական ռեժիմի թուլացումը ժամանակ կպահանջի, եւ որ պատերազմի սկսվելով մի տեսակ «հետհաշվարկ» է առաջացրել։