Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում հայտարարել է իր իրանցի գործընկեր Մասուդ Պեզեշկիանի հետ հեռախոսազրույցի մասին։

Ըստ Մակրոնի՝ նա ընդգծել է «տարածաշրջանի երկրների վրա անընդունելի հարձակումները դադարեցնելու, էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու և Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը վերականգնելու բացարձակ անհրաժեշտությունը»։

«Ես կոչ եմ արել Իրանին բարի կամքով մասնակցել բանակցություններին՝ լարվածության թուլացման համար ճանապարհ հարթելու և այնպիսի շրջանակ ստեղծելու համար, որը կարող է բավարարել միջազգային հանրության սպասումները Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի, ինչպես նաև տարածաշրջանում նրա անկայունացնող գործունեության վերաբերյալ։ Վերջապես, ես նաև կոչ եմ արել Իրանին անհապաղ նպաստել մեր հայրենակիցներ Սեսիլ Կոլերի և Ժակ Պարիի Ֆրանսիա վերադարձին», - գրել է Ֆրանսիայի նախագահը։