ԱՄՆ առափնյա պահպանությունը թույլ կտա հում նավթով բեռնված ռուսական տանկերին անարգել անցնել Կուբա՝ չնայած կղզու նկատմամբ ամերիկյան փաստացի վառելիքային շրջափակմանը։ Այս մասին հայտնել է The New York Times թերթը՝ հղում անելով ամերիկացի իրազեկ պաշտոնյային։
Նրա խոսքով՝ ԱՄՆ առափնյա պահպանությունը երկու պարեկային նավակ ունի տարածաշրջանում, որոնք կարող էին փորձել կանգնեցնել ռուսական լցանավը, սակայն նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որևէ միջոց ձեռնարկելու հրաման չի տվել։
Ինչպես հայտնում է պարբերականը, 730 հազար բարել նավթ տեղափոխող տանկերը հենց այս երկուշաբթի կարող է հասնել Մատանսաս նավահանգիստ։ Սա կղզու համար էներգիայի կենսական աղբյուր կլինի՝ վերջ դնելով ԱՄՆ-ի կողմից ամիսներ շարունակվող նավթային շրջափակմանը։
Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով՝ ռուսական նավի ժամանումը կփոխի Կուբայում սրվող ճգնաժամի ընթացքը և մի քանի շաբաթվա վառելիքի պաշար կապաովի կղզուն։
Ինչպես նշում է պարբերականը, սա նաև թույլ կտա փոքր-ինչ թուլացնել Կուբայի կառավարության վրա գործադրվող ճնշումը։ Կուբան այսօր կանգնած է տնտեսական փլուզման եզրին և Վաշինգտոնի կողմից աճող սպառնալիքների առաջ։ Բացի այդ, սա ցույց կտա, որ գոնե այս պահին կղզին դեռ կարող է հույսը դնել իր հին դաշնակցի՝ Ռուսաստանի վրա։


